Փաստաբանը Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից սուր գնահատականներ է ակնկալում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից գազանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատականները սուր կլինեն: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի և Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: «Կարծում եմ` դատարանի գնահատականները սուր կլինեն: Այս գործը կունենա արժեք ընդհանուր մարդու իրավունքների ստանդարտների զարգացման առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սահակյանը: Փաստաբանը նշեց, որ ի թիվս այլ պահանջների, դատական հայցով պահանջ է ուղղվել Ադրբեջանին՝ հանցագործին երրորդ պետությանը հանձնելու եւ նրա պատժի կրումը շարունակելու համար:
Փաստաբանը նշեց, որ Մարգարյանի ընտանիքի անդամները հրաժարվել են նյութական եւ բարոյական հատուցումից, քանի որ ոչինչ չի կարող զավակի կորուստը լրացնել: Սահակյանն ասաց, որ Գուրգեն Մարգարյանի մայրը ցանկություն էր հայտնել որպես սփոփանք դատական հայցում ներառել հայազգի ռազմագերիների ազատ արձակման պահանջը: «Ռազմագերիների վերադարձի պահանջը ցավոք իրատեսական չէ, քանի որ առարկայի շրջանակներից դուրս է»,- ասաց Սահակյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարան դիմելուց հետո այլ դատական մարմնի դիմելու հնարավորություն չկա: ՄԻԵԴ-ում գործի քննությունը միջինը 2-4 տարի է տեւում, բայց Մարգարյանի գործը կընկնի առաջնահերթությունների շարք եւ դատարանը ավելի արագ կզբաղվի դրանով:
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված մյուս սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները փետրվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին ներկայացրել համապատասխան անհատական գանգատ, որով վիճարկում են Հունգարիայի և Ադրբեջանի կողմից իրականացրած ոչ իրավաչափ գործողությունները` Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին փոխանցելը, հետագայում Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը, արդարացնելն ու հերոսացնելը:
Ռամիլ Սաֆարովը 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի եռամսյա անգլերենի դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում էր շնորհել և ազատ արձակել:Ադրբեջանի այդ քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:ՀՀ Նախագահի հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվել է աշխատանքային խումբ` Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման կապակցությամբ: