Doing Business: Վենեսուելահայ գործարարը չի դժգոհում հաջողության պակասից

6 րոպեի ընթերցում

Փոքր և միջին ձեռնարկատերերի մասին «Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը Վենեսուելայից Հայաստան տեղափոխված գործարարն է, ով նախաձեռնել է տնտեսական ապրանքների արտադրություն ու սկսել է առաջ մղել սեփական ընտանեկան բրենդը:

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալթաջյան ընկերությունը կարելի է համարել ընտանեկան բիզնես: Այն ղեկավարում է Սարգիս Կալթաջյանն իր ազգականների օգնությամբ և անմիջական մասնակցությամբ: Ընկերությունն արտադրում է Օսիո ապրանքանիշի տնտեսական ապրանքներ:

55-ամյա Սարգիս Կալթաջյանի գործարար պատմությունը սկսվել է Լատինական Ամերիկայում` 33 տարի առաջ: Վենեսուելայում Կալթաջյանն ունեցել է կոշիկի ֆաբրիկա: Հայաստան տեղափոխվելու գաղափարն առաջացել է 1,5 տարի առաջ, երբ այնտեղ երկրի վիճակը սկսել է բարդանալ: Մորեղբոր տղաների և թոռների օժանդակությամբ Սարգիս Կալթաջյանը Հայաստանում հիմնել է իր սեփական բիզնեսը: «Տնտեսական ապրանք բերելով սկսանք Թուրքիայից: Մի անգամ բերինք մի ֆուր (բեռնատար-հեղ.), երկրորդ անգամ բերինք երկրորդ ֆուրը: Վերջը ասինք, ինչո՞ւ Թուրքիայեն բերենք, ինչո՞ւ Թուրքիան կերակրենք: Մենք աստեղ արտադրություն անենք: Սկսանք անել արտադրությունը»,- հիշում է Կալթաջյանը:

Հաջողության պակասից չի դժգոհում: Ասում է, որ դեռ մեկ տարին բավարար չէ, որպեսզի սպառողները ճանաչեն իր ապրանքն ու սկսեն ավելի շատ գնել: Ասում է` ազգային հատկանիշ է. անընդհատ ձգտում ենք օտար արտադրության ապրանքը գնել: «Մի քիչ դժվար է աշխատիլ հայերուն հետ: Ուզում են միշտ դրսի ապրանք, չէ, լավը չի, լավը չի, ասում են: Հակառակը` մեր արտադրությունը Թուրքիայեն, թուրքական ապրանքեն հազար անգամ ավելի լավն է: Հիմա կամաց-կամաց կիմանան, թե հայկական ապրանքը, հայկական արտադրությունը լավն է»,- ասում է հայրենասեր գործարարը, ով բազմաթիվ անգամ մերժել է զարգացած տնտեսություն ունեցող երկրներ տեղափոխվելու իր մյուս ազգականների առաջարկները և ընտանիքով հանգրվանել հայրենիքում:

Սկզբում Հայաստան է ուղարկել երեք զավակներից երկուսին, ովքեր ժամանել են, տեսել, գնահատել և ծնողներին հորդորել ամեն ինչ վաճառելով` Վենեսուելայից տեղափոխվել Հայաստան: «Ես որ Վենեսուելային մեջ կոշիկի ֆաբրիկ ունեի, կուզեի հոս ալ կոշիկի ֆաբրիկ դնեի, բայց տեսանք, որ դժվար է: Ալ մտանք տնտեսական ապրանքին մեջ: Ես արհեստ կսիրեմ, գործ դարձնել կսիրեմ»,- հիշում է գործարարը:

Կալթաջյանն ասում է, որ սկզբում չի մտածել արտադրություն ուղղությամբ, այլ մտածել է պատրաստի արտադրանքը ներմուծելու մասին: «Բայց չէ, տեսանք, որ գործը դյուրին է: Հալեպեն մեկ տեխնիկ մասնագետ բերինք, որ սովրեցնե մեզի գործը: Գործը սովրեցուց` ձևերը, գաղտնիքները, մենք ալ սկսանք անել արդեն»,- բացատրում է ծնունդով լիբանանահայ, Վենեսուելայում մեծացած ու կայացած, բայց Հայաստանում կյանքը շարունակող գործարարը: Գործը հիմնելուց, ասում է, որևէ մտավախություն կամ տարակուսանք չի ունեցել: «Ես վախենալիք չեմ գիտեր իմ կյանքիս մեջ: 12 տարեկանես Լիբանանեն մենակ թողել եմ, գացել եմ Վենեսուելա»,- ժպտալով ասում է Սարգիս Կալթաջյանը:

Կալթաջյանն օգտվել է նաև ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական ծրագրերից: Նա Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների օժանդակությամբ գրել է տեղական շուկային համապատասխանող գործարար նախագիծ և վարկ է ստացել սեփական արտադրության մեկնարկի համար անհրաժեշտ հումքը ձեռք բերելու նպատակով:

Այսօր Սարգիս Կալթաջյանի երկու զավակները` 22-ամյա Համբիկը և 16-ամյա Սևակը, աշխատում են հոր ընկերությունում. առաջինը` որպես արտադրության մասնագետ, մյուսը` որպես առաքման պատասխանատու: Կալթաջյանի դուստրն ապրում է Լիբանանում:

Նրա երազանքն այն է, որ Հայաստանում բոլորը հաջողություն ունենան: Դժվարությունների մասին խոսելիս Կալթաջյանը նշում է Հայաստանի և այլ երկրների առևտրի ոճի տարբերությունը: «Աշխատաոճը տարբեր է: Ապրանք կուտաս` առանց ֆակտուր (հաշիվ-ապրանքագիր-հեղ.), առանց չեկի»,- ասում է նա: Նաև շեշտում է հարկային և մաքսային դաշտերում առկա խնդիրները: Նրա խոսքով` գրեթե բոլոր զարգացած երկրները, ինչպես նաև բուռն զարգացող տնտեսություն ունեցող պետությունները հարկային արտոնություններ են սահմանում սկսնակ գործարարների համար` թույլատրելով նրանց 3 տարի աշխատել առանց որևէ հարկ վճարելու: Նրա կարծիքով, նաև պետք է փոփոխվի ապրանքների ներմուծման կարգը, քանի որ շատ դեպքերում իրենք էժան հումք են հայթայթում, իսկ մաքսային ծառայությունը պահանջում է այն մաքսազերծել երկրի կողմնորոշիչ գներով: Դա, ըստ գործարարի, մի քանի անգամ թանկացնում է ապրանքի գինը:

Կալթաջյանի ընկերությունն արտադրում է 10 անուն ապրանքատեսակ, ամենաշատը սպառվում են օճառը, շամպունը և ամանի հեղուկը: Արտադրամասում ամեն ինչն իր միջոցներով է հիմնել: Նա նաև օժանդակել է սիրիահայ մի ընտանիքի` երկու եղբայրների աշխատանքի ընդունելով իր մոտ: Ընդհանրապես սիրիահայերին շատ բարձր է գնահատում և կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ամեն գնով նրանց օժանդակի, որպեսզի արհավիրհքից խուսափած հայերը չթողնեն հայրենիքը և կրկին բռնեն պանդխտության ճանապարհը:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել էՓոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին