Կարծիքներ

Փորձագետներն Ադրբեջանի ստի եւ կեղծիքի քաղաքականության դեմ նախահարձակ լինելու անհրաժեշտություն են տեսնում

3 րոպեի ընթերցում

Փորձագետներն Ադրբեջանի ստի եւ կեղծիքի քաղաքականության դեմ նախահարձակ լինելու անհրաժեշտություն են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է նախահարձակ լինի միջազգային ասպարեզում Ադրբեջանի կողմից տարվող ստի եւ ապատեղեկատվության քաղաքականության դեմ: Մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիրքորոշում հայտնեց ՀՀ ԳԱ ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը: «Մենք չպետք է միայն սպասողի դերում լինենք, թե ադրբեջանցիները ինչ հերթական սուտը կշպրտեն միջազգային հարաբերությունների ոլորտ, որպեսզի մենք կարողանանք պատասխանել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խաչատրյանը` հավելով, որ նրանց ստերի դեմ պայքարելը մեծ ջանքեր է պահանջում եւ այնքան էլ օգուտ չի բերում: Ավելի նպատակահարմար է աշխարհին ճշմարտությունը մատուցելը: Պատմաբանը նշեց, որ Հայաստանը պետք է վճռորոշ քայլերի դիմի միջազգային հանրությանը հասկացնելու, որ Ադրբեջանը շարունակաբար կեղծում է պատմությունը:

ՀՀ ԳԱ ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը անդրադարձավ վերջերս Կահիրեում անցկացված «Հայ ժողովրդի ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ» միջազգային գիտաժողովի ժամանակ Ադրբեջանի հերթական սադրանքին: Գիտաժողովին մասնակցող ադրբեջանցի ոմն ուսանող դարձյալ անդրադարձել է Խոջալուի դեպքերին` շինծու ձեւակերպումներով սադրիչ հարցեր տալով: Գիտաժողովին մասնակցող եւ գրագետ զեկույցով հանդես եկած Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը պատվով է դուրս եկել իրավիճակից՝ իրեն հղված հարցերին սպառիչ պատասխաններ տալով՝ ինչը հարուցել է ադրբեջանցու դժգոհությունը: Արեւելագետն ասաց, որ Ադրբեջանի այդ պահվածքը կրկնվում է տարբեր գիտաժողովներում՝ նման կերպ փորձելով իրենց լեզվով «հարամել» այդ միջոցառումները: «Սա ոչ միայն խավիարային դիվանագիտություն է, այլ նաեւ փողոցային դիվանագիտություն»,- ասաց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ չափազանց դժվար է հայկական կողմի փաստարկված քայլերին փողոցային քայլերով պատասխանող Ադրբեջանին համարժեք պատասխաններ տալ:

Ադրբեջանը տարիներ շարունակ միջազգային ասպարեզում Հայաստանի դեմ վարում է ապատեղեկատվական ընդարձակ արշավ: Շարունակաբար աղավաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Բացի դրանից, ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն օգտագործում է Խոջալուի դեպքերի կամայական մեկնաբանման խաղաքարտը՝ ակնհայտ շինծու տեղեկատվություն տարածելով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում