Միլանի տուրիզմի միջազգային ցուցահանդեսում Արցախի մասնակցությանը խոչընդոտող ադրբեջնցիների հիստերիան անարդյունք է անցել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իտալիայի Միլան քաղաքումփետրվարի 14-17-ըտեղի է ունեցել Միջազգային տուրիզմի հերթական ցուցահանդեսը: Այս տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայանում էր Հայաստանից զատ՝ ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ եւ այլ նյութեր: Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը բաղկացած էր 4 անդամներից՝ Պատմական միջավայրի պահպանության եւ կառավարության զբոսաշրջության բաժնի տնօրեն Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ:

Միլանում «Փյունիկ» տեղեկատվական կենտրոնից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ադրբեջանի տաղավարը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող տաղավարի համարյա հարևանությամբ: Ադրբեջանցիներն այս անգամ էլ սեփական պարտությունը «արդարացնելու» համար ընկել են ինքնախաբեության գիրկը` չկարողանալով անտեսել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն իր առանձին տաղավարն ունի և աշխարհին է ներկայանում որպես ինքնուրույն միավոր: Ցուցահանդեսի սկսվելուց հետո հաշված ժամեր անց Ադրբեջանի ներկայացուցիչներից մեկը մոտեցել է ԼՂՀ-ի տաղավարին եւ գոռոզամտորեն հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին տաղավար ունենալը չի համապատասխանում միջազգային իրավական նորմերին: Նա պահանջել է լքել տաղավարը և դադարեցնել Արցախի մասին թերթոնների բաժանումը: Չբավարարվելով միայն հայտարարութուններով, ադրբեջանցիները նույն գիշերվա ընթացքում (ամսի 15-ին) ներխուժել են ԼՂՀ-ն ներկայացնող տաղավար, առևանգել գրքույկներ եւ մեծ պաստառը, որի վրա գրված էր «Լեռնային Ղարաբաղ»:

Հարցին միջնորդել է Միլանում գործող Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսարանը: Պատվո կոնսուլ Պիետրո Քոչուկյանը, ով այս ամենի ականատեսն ու վկան էր, Շահվերդյանի հետ միասին դիմել են ցուցահանդեսի մենեջեր Էմանուելա Ֆոռլինին՝ պատմելով կատարվածի մասին եւ խնդրել օգնել՝ կանխելու համար ապագա անախորժությունները:

Սակայն պատմությունը այս ամենով չի վերջացել. հենց հաջորդ օրը Անվտանգության գլխավոր պատասխանատուն Քուչուկյանին եւ Շահվերդյանին իր գրասենյակ է հրավիրել, որտեղ նրանց էին սպասում 4 ադրբեջանցիներ՝ այդ թվում Հռոմից ժամանած Ադրբեջանի նախկին դեսպանը: Վերջիններս, առաջ բերելով բազմաթիվ անհեթեթ պատճառաբանություններ, շարունակել են պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայությունը իրավական խախտման արգասիք է: Երկար վիճաբանութունից հետո, երբ անվտանգության գլխավոր պատասխանատուն հասկացել է ադրբեջանական կողմի անհեթեթ պահվածքը, զայրացած դիմել է նրանց` նշելով, որ ադրբեջանցիները ճիշտ վայր չեն ընտրել նման քնարկումներ անցկացնելու համար: Ավելին` նման վարքագծի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ տարվա ցուցահանդեսում ադրբեջանցիները կզրկվեն տաղավար ունենալու հնարավորությունից:

Հաջորդ օրը ադրբեջանցիները, մոռանալով թե ինչի համար են եկել միլանյան ցուցահանդես, իրենց տաղավարում նոր պաստառներ են փակցրել` հետեւյալ մակագրություններով.«1 միլիոն ազերի փախստականներ», «Հայերը ներխուժել են Ղարաբաղ» եւ այլն: Քուչուկյանն անմիջապես դիմել է Էմանուելա Ֆոռլինին, ով խոստացել է միջամտել:

Ցուցահանդեսի փակման օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը այցելել են նաև իտալահայ գաղութի մի շարք անդամներ՝ Իտալիայի Հայոց Հոգևոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ: Հոգևոր հովվի այցին ի պատասխան, ֆիերայի փակումից հետո պատվիրակությունը այցելել է նաև Միլանի Սուրբ Քառասուն մանկուք եկեղեցի, որտեղ միասնական աղոթք են բարձրացրել մեր Հայրենիքի զորացման և մեր ազգի բարօրության համար: Հանդիպման վերջում Հայր Թովման հայրենիքից ժամանած հյուրերին փոխանցել է իր բարեմաղթանքներն ու շնորհակալությունը՝ մեր հայրենիքի պատիվը բարձր պահելու և քառօրյա քրտնաջան աշխատանքի համար:

Հայերեն English Русский