Շոու բիզնես

Վահագն Մարգարյանը խոստանում է Հայաստանը լավագույնս ներկայացնել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում

3 րոպեի ընթերցում

Վահագն Մարգարյանը խոստանում է Հայաստանը լավագույնս ներկայացնել  «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող 17-ամյա Վահագն Մարգարյանի համար սեփական երկիրը մրցույթում ներկայացնելը առաջին հերթին մեծ պատասխանատվություն է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պարողը նշեց, որ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ն իր համար առաջին միջազգային մրցույթն է:

«Ես մրցույթին վերաբերվում եմ մեծ պատասխանատվությամբ. Հայաստանը ներկայացնելը իսկապես պատասխանատվություն է: Անկեղծ ասած` չէի սպասում, որ կհաղթեմ եզրափակիչ փուլում»,- ասաց Մարգարյանը: Նա սովորում է Պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնի 3-րդ` ավարտական կուրսում:Պատանի պարողը նշեց, որ ջանք ու եռանդ չի խնայի մրցույթին լավագույնս պատրաստվելու համար, մանավանդ որ Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ: Ուսումը ավարտելուց հետո Մարգարյանը մեծ ցանկություն ունի պարելՕպերայիեւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Շատ կցանկանայի առաջիկայում ներգրավված լինել եւ պարել «Գայանե» բալետում, նաեւ «Դոն Կիշոտ» եւ «Սպարտակ» բալետներում»,- անկեղծացավ նա:

Հայաստանյան եզրափակիչ փուլ անցած 11 պարողների պայքարը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Բացի մենապարերից, մասնակիցները հանդես են եկել նաեւ յուրահատուկ խմբային պարով` ցուցադրելով նաեւ զույգով եւ խմբով պարելու հմտությունները:Մասնակիցներին գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մարիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Մեհրաբյանը: Հայաստանյան եզրափակիչն իր ներկայությամբ պատվել է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013», «Մանկական Եվրատեսիլ 2013» եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը:

«Պատանի պարողների Եվարտեսիլ 2013»-ն առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում: Մրցույթն անցկացվել է երկու տարին մեկ: Իսպանիան ամենից շատն է հաղթել այս ստուգատեսում, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեցիարիան հաղթել են երկուական անգամ: Հայաստանն այս տարի մրցույթին մասնակցում է առաջին անգամ: Մրցույթը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում