ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013»-ի երգի ազգային ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Ազգային ընտրության ընթացքում գեղարվեստական հանձնաժողովի կողմից ընտրված «Դորիանս» խմբի մեներգիչը` Գոռ Սուջյանը, կկատարի մրցութային երգերը:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի կազմկոմիտեից` երգի ազգային ընտրությանը ներկա գտնվեն նաեւ Մալթայի, Բելառուսի եւ Վրաստանի ներկայացուցիչները:Մալթան «Եվրատեսիլ 2013»-ում կներկայացնի Ջանլուկա Բեզզինան (Gianluca Bezzina), Բելառուսը` Լենա Լանսկայան, Վրաստանը` Սոֆո Գելովանին եւ Նոդիկո Տատիշվիլին:
«Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի`մարտի 2-ին կայանալիք Հայաստանի մասնակցի երգի ազգային ընտրության հայտերի ընդունումն ավարտվել է փետրվարի 20-ին: Հայտերի թիվը գերազանցել է 70-ը: Հայտեր են եկել ոչ միայն Հայաստանից, այլեւ Իսպանիայից, Բելգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից:
«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: