Կարծիքներ

Ադրբեջանը ձգտում է ձեւախեղել Արցախի ինքնորոշման պայքարի պատմությունը. Լեւոն Մելիք-Շահնազարյան

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ձգտում է ձեւախեղել Արցախի ինքնորոշման պայքարի պատմությունը. Լեւոն Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փորձում է աշխարհին համոզել, որ ինքը պայքարում է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի Հանրապետության դեմ: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում աշխարհի տարբեր երկրներում տարածքի «20 տոկոսի» եւ Խոջալուի հարցը բարձրացնելու համար` հիմնականում մեղադրելով Հայաստանի Հանրապետությանը: «Ադրբեջանը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ինքը ոչ թե Արցախի հետ է հակամարտում, ոչ թե ինքն է ագրեսիա կատարել Արցախի հանդեպ, այլ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց քաղաքագետը` հավելելով, որ դա նպատակ ունի Արցախի ինքնորոշման պայքարը ձեւախեղել: Մելիք- Շահնազարյանը Սպիտակ տան կողմից Խոջալուի դեպքերի մասին ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու ադրբեջանական խնդրագրի մերժումը ապտակ համարեց Ադրբեջանին:

Խոսելով Խոջալուի ազատագրման մասին՝ քաղաքագետը նշեց, որ Խոջալուն կտրում էր Ստեփանակերտը Արցախի գյուղերից՝ խանգարելով սննդամթերքի մատակարարմանը եւ մահաբեր կրակ էր սփռում Արցախի բնակավայրերի ուղղությամբ: «Վերացնել այդ վտանգը` պետությունը պարտավոր էր»,- ասաց քաղաքագետը: Անդրադառնալով Խոջալուից հեռացող խաղաղ բնակչության սպանություններին եւ Ադրբեջանի կողմից հայերին ներկայացվող մեղադրանքներին՝ քաղաքագետը հիշեցրեց, որ հենց Ադրբեջանն է կազմակերպել իր իսկ բնակչության սպանդը: «Հայ զինվորը դիակների դեմ չի կռվել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ այդ զոհերի մասին իրենք իմացել են փետրվարի 27-ի կեսօրին, երբ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը զանգահարել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանին:

Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ Խոջալուի ազատագրումից հետո էական քանակությամբ զինամթերք առգրավվեց՝ 2 «Գրադ» MM-21 տեսակի ռեակտիվ համազարկային կայանք, «Ալազան» տեսակի 4 կայանք, մեկ 100մմ հաուբից և 3 միավոր զրահատեխնիկա եւ այլն:

1992 թվականի փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել հակառակորդի` հենց Խոջալուում գտնվող կրակակետերը, որտեղից 1991թ. գարնանից ի վեր ԼՂՀ բնակավայրերն ադրբեջանական ՕՄՕՆ-ականների կողմից պարբերաբար ենթարկվում էին հարձակումների, «Ալազան» և «Կրիստալ» տեսակի կայանքների և «Գրադ» տեսակի ռեակտիվ համազարկային կայանքի կանոնավոր հրետակոծումների:

Ադրբեջանը տարիներ շարունակ միջազգային ասպարեզում Հայաստանի դեմ վարում է ապատեղեկատվական ընդարձակ արշավ. ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն օգտագործում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին ակնհայտ շինծու փաստարկները՝ դրանում մեղադրելով հայերին: Այնինչ համոզիչ փաստարկներով ապացուցված է, որ պատերազմական իրավիճակում հայկական կողմը Խոջալուի բնակչության հեռանալու համար մարդասիրական միջանցք էր թողել, իսկ Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ խոչընդոտել են նրանց տարհանմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում