Լարիսա Ալավերդյանն առաջարկում է «տեղեկատվական քաղաքականությունը» դարձնել արտաքին քաղաքականության նոր ճյուղ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունը պետք է արտաքին քաղաքականության նոր ճյուղ դառնա: Փետրվարի 22-ին լրագրողներ հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ապատեղեկատվության տարածման խնդրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալավերդյանը կարեւորեց Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության անհրաժեշտությունը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ վճորոշ քայլ է կատարվել ՀՀ Երրորդ նախագահի օրոք: «2009 թվականին սկսվեց առնվազն բեկումնային մի պահ, երբ քարոզչական մեքենան սկսեց աշխատել, այսինքն ստեղծվեց Նախագահին առընթեր տեղեկատվական կենտրոն»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ կենտրոնի ստեղծումից հետո շատ կարճ ժամանակում չորս ֆիլմ է նկարահանվել, սակայն ֆիլմերի տարածումն ու հանրահռչակումը դեռ անհրաժեշտ մակարդակի վրա չէ: «Պետք է հասցեական տարածվի, եւ ոչ թե ուղղակի դրվի ընդհանուր ծանոթության համար»,- ասաց նա:
Անդրադառնալով այսպես կոչված Խոջալուի դեպքերին՝ Ալավերդյանը հիշեցրեց, որ հենց Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել Խոջալուի խաղաղ բնակչությանը ուղղաթիռներով հեռանալ՝ նրանց որպես վահան օգտագործելով: Ալավերդյանը կարևոր համարեց ՀՀ Ազգային ժողովի կողմից ակտիվ աշխատանքի կատարումը` խորհրդարանական բարեկամակական խմբերի միջոցով, նաև Եվրամիության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության ծավալումը: «Մենք պետք է աշխատենք կոնկրետ ինստիտուտների հետ նշված բոլոր հարցերի ուղղությամբ»,- ավելացրեց Ալավերդյանը:
Ադրբեջանը տարիներ շարունակ միջազգային ասպարեզում Հայաստանի դեմ վարում է ապատեղեկատվական ընդարձակ արշավ. ադրբեջանական քարոզչամեքենան ակտիվորեն օգտագործում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին ակնհայտ շինծու փաստարկները՝ դրանում մեղադրելով հայերին: Այնինչ համոզիչ փաստարկներով ապացուցված է, որ պատերազմական իրավիճակում հայկական կողմը Խոջալուի բնակչության հեռանալու համար միջանցք էր թողել, իսկ Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ խոչընդոտել են նրանց տարհանմանը: