Շոու բիզնես

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան պատվիրակի անունը կորոշվի փետրվարի 23-ին

2 րոպեի ընթերցում

«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան պատվիրակի անունը կորոշվի փետրվարի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան նախընտրական եզրափակիչ փուլ անցած 11 պարողներ կպայքարեն «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը, բացի մենապարերից մասնակիցները հանդես կգան նաեւ յուրահատուկ խմբակային պարով (բեմադրող՝ Արինա Արարատյան), որտեղ կցուցադրեն նաեւ զույգով և խմբով պարելու հմտությունները:

Եզրափակիչն իր ներկայությամբ կպատվի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի, «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի եւ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը:

«Եվրատեսիլ» երգի մրցույթ 2013 թվականի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը կերգի եզրափակչին եւ կհայտարարի հաղթողի անունը:

Փետրվարի 17-ին Առաջին ալիքի եթերում տեղի է ունեցել «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան նախընտրական փուլը, որին մասնակցում էին 16-21 տարեկան 20 պարողներ՝ ներկայացնելով 1,5 րոպե տեւողությամբ մենապարեր:

Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն էին ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մարիկյանը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Ռուբեն Մուրադյանը եւ հայկական պարի մենապարուհի Լիանա Հակոբյանը:

Հավատարիմ մնալով միջազգային մրցույթի կանոններին (պատանի պարողը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին)` խստապահանջ ժյուրիի կազմը մասնակիցներին գնահատել է 1-10-ը միավորով 2` տեխնիկական եւ «գեղարվեստական արտահայտման որակ» կարգով:

Լավագույն տասնյակն ընտրվեց միավորների առավելությամբ: Անակնկալ կերպով հնարավորություն տրվեց նաև 11-րդ մասնակցին ընդգրկվել եզրափակիչ. նա ընդամենը 1 միավորի տարբերությամբ էր հետ մնում տասնյակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում