Քաղաքագետը Ադրբեջանի մոտ ապագան կանխատեսում է մռայլ գույներով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը սկսել է մտնել շատ կարևոր ներքաղաքական զարգացումների փուլ: Մոտ ապագայում այդ երկրի ներքին վիճակը կնմանվի Իրաքի վիճակին: Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ անդրադառնալով այդ երկրում ծագած խժդժություններին: «Սկզբից կլինեն այդպիսի խմորումներ, որոնց հետեւանքով կստացվի իրաքյան պատկեր, այսինքն` դե ֆակտո չկա պետություն, դե յուրե իբր թե այն պահպանվում է», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շաքարյանցը՝ հավելելով, որ էթնիկ գործոնը շատ մեծ դեր կխաղա դրանում:
«Հյուսիսում կլինեն ավարներ, լեզգիներ, հարավում՝ պարսիկներ, թալիշներ, հնարավոր է` քրդեր» ,- ասաց քաղաքագետը: Շաքարյանցի դիտարկմամբ՝ Ադրբեջանում ներքին խմորումների նպատակն է թուլացնել Ալիեւիիշխողկլանը: Քաղաքագետը չբացառեց ներքին խլրտումներից Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղելու համար արտաքին ոլորտում ագրեսիվ քայլեր ձեռնարկելու հավանականությունը:
Ադրբեջանում վերջին շրջանում խիստ ակտիվացել են բնակչության դժգոհությունները իշխանություններից: Տարբեր շրջաններում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, ձերբակալվել են մարդիկ: