Հատուկ նախագծեր

Doing Business. «Աստվածային խմիչքի» շուկան անընդհատ նոր արտադրանք է պահանջում

7 րոպեի ընթերցում

Doing Business. «Աստվածային խմիչքի» շուկան անընդհատ նոր արտադրանք է պահանջում

Փոքր և միջին ձեռնարկատերերը կայուն տնտեսական աճի համատեքստում կատարում են կարևոր դեր՝ հաղորդելով տնտեսությանը նորարարական ուղղվածություն և ճկունություն։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը, գնահատելով փոքր և միջին ձեռնարկատիրության կարևորությունը, յուրաքանչյուր շաբաթ ձեզ կներկայացնի բիզնես պատմություններ՝ տնտեսության բազում ճյուղերից։ Տարբեր տնտեսվարողներ կներկայացնեն իրենց մուտքը բիզնես ոլորտ և կմանրամասնեն ոլորտի հետ կապված հարցերը։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում է գինեգործությունը, որը հայկական արտադրության մեջ ունենալով բազմադարյան պատմություն, այսօր ներկայանում է նոր արտադրանքով։

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավագ Հարությունյանն արդեն երկար տարիներ զբաղվում է գինեգործությամբ, բայց միշտ ծիծաղով է հիշում իր մուտքն այդ բնագավառ։Հարությունյանների ընտանիքում գինեգործությամբ սկսել են զբաղվել դեռ 1850-ական թվականներից, երբ Մարան անունով մեծ տատիկը հիմնում է խաղողի այգի և կառուցում փոքրիկ հնձան, որտեղ էլ պատրաստվում էր գինին։ «Տարիներ շարունակ մեր տոհմի սեփականությունը լինելուց հետո 1930-ականներին այգին և հնձանը քանդվեցին։ Հետագայում, երբ ես պետք է որոշեի ապագա մասնագիտությունս, ծնողներիս պարտադրանքվ ընտրեցի գինեգործությունը, առանց տեղյակ լինելու նախնիներիս մասին»,-հիշում է Հայ գինեգորրծների միության նախագահը։

Սակայն ճակատագրական մի դեպք նրան ստիպում է ավելի լուրջ վերաբերվել ընտրած մասնագիտությանը։ «Մի անգամ պատահաբար ներկա գտնվեցի միջոցառման, որը և ճակատագրական եղավ իմ կյանքում։ Միջոցառման ժամանակ լրագրողը, ինձ շփոթելով մի պաշտոնավոր անձի հետ, ով նաև գինեգործ էր, հարցազրույց անցկացրեց և մի ամբողջ էջ հոդված գրեց իմ մասին՝ «որպես խոշոր գինեգործի»։ Այդ ժամանակ ես խաբեցի լրագրողին, բայց հետագայում, երբ կարդացի իմ մասին հոդվածը, մեջս իրոք ցանկություն առաջացավ զբաղվելու գինեգործությամբ։ Հետո իմացա մեծ տատիկիս, նրա այգու և հնձանի մասին»,-պատմում է Ավագ Հարությունյանը։

Տարիներ անց, երբ նա արդեն մասնագիտացել էր գինեգործության մեջ և ավարտել ուսումն արտասահմանում, ձեռք է բերում իր արտադրամասը, որտեղ էլ սկսում է արտադրել «Մարան» գինիները՝ ի պատիվ տատիկի։ «Այսպիսով ճակատագիրն ինձ կանգնեցրեց նախնիներիս սկսած ճանապարհի վրա»,- նշում է նա։

Թեև դժվարություններ շատ են եղել, սակայն Ավագ Հարությույանը շարունակել է իր գործունեությունը՝ հայկական գինու շուկան համալրելով սեփական արտադրանքով։

Խոսելով հայկական իրականության մեջ գինու արտադրության մասին, Հարությունյանը նշում է, որ նախևառաջ շուկա պետք է մտնել սեփական տեսակի արտադրանքով և չկրկնել արդեն իսկ եղածը։«Տեղական շուկան փոքր է և լճացված, հետևաբար, եթե ցանկություն կա մտնել մրցակցային դաշտ, ապա պետք է կարողանալ նոր խոսք ասել»,- ընդգծում է Հարությունյանը։

Ավագ Հարությունյանի կարծիքով` Հայասստանի պես փոքր ու սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար կարևոր է ունենալ այնպիսի արտադրանք, որը կլինի յուրահատուկ և կարտահայտի ազգային դիմագիծը։ «Արտաքին շուկայում կա երկու սեգմենտ՝ էժան ու մեծածավալ և առանձնահատուկ ու թանկ։ Քանի որ Հայաստանը չի կարող մրցել առաջին սեգմենտում այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանն ու Չինաստանն է, հետևաբար մենք պետք է աշխատենք երկրորդ սեգմենտում։ Մենք ունենք խաղողի բազմաթիվ սորտեր և յուրաքանչուրի համար գտնելով հարմար հողատեսակ և բնակլիմայական պայման, կստանանք մեծածավալ բերք»,-համոզված է Հարությունյանը։

Խորհրդային տարիներին Հայաստանում ռուսական շուկայի համար ստեղծվում էին էժան գինիներ, որոնք այսօր տեղ չունեն միջազգային շուկայում։ «Այդ տարիներին մենք կորցրեցինք մի շարք հիանալի տեսակներ, իսկ միջազգային շուկա կարող ենք մուտք գործել գինու օրիգինալ տեսակներով, քանի որ գինու հիմնական արտադրող երկրներն արդեն իսկ շուկան աահովում են բազում տեսակներով, և մենք նրանց կողքին չենք կարող մրցակցային լինել»,-նշում է Հարությունյանը։

Աշխարհում խմվող գինու հիմնական մասը չոր, անապակ գինին է և հայկական գինեգործությունը նույնպես գնում է այդ ճանապարհով։ Ավագ Հարությունյանը նշում է, որ դա չի խանգարում աշխարհին ցույց տալ, որ կարող ենք արտադրել նաև քաղցր և մուսկատային գինի։

«Մենք ունեցել ենք « Այգեշատ», «Մալագա Արևշատ», «Խերես Օշական», «Մադերա Աշտարակ» գինիները, որոնք տարիներ առաջ եղել են աշխարհահռչակ տեսակներ։Սակայն քաղցր գինիների արտադրությունը փոքր ինչ դժվար է, քանի որ, եթե չոր և անապակ գինին վաճառքի է հանվում պատրաստումից երկու-երեք տարի անց, ապա քաղցր գինու պատրաստման համար հարկավոր է հինգից տասը տարի»,- պարզաբանում է Հարությունյանը։

Հայաստանում աճող մի շարք խաղողի սորտեր անտեսվում են, և դրանց շատ փոքր մասն է միայն օգտագործվում գինեգործության մեջ։ «Հայաստանում կան հինգ հարյուրից ավելի տեղածին սորտեր, սակայն ներկայում գինեգործության մեջ օգտագործվում է կարմիր տեսակից երկուսը՝ «Սև Արենի» և «Կախեթ», և սպիտակ տեսակներից չորսը՝ «Գառան դմակ», «Ոսկեհատ», «Խարջի» և «Մսխալի»։ Մնացած տեսակները կարծես թե անտեսվում են»,- նշում է նա:

Ավագ Հարությունյանը, տարիներ շարունակ զբաղվելով գինեգործությամբ, հետաքրքիր մեկնաբանություն է տալիս այդ «աստվածային խմիչքին»։ «Գինին մշակութային խմիչք է։ Գինու մեջ ամփոփված է և՛ ազգի մշակույթը, և՛ արտադրողի պատմությունը։ Իզուր չէ, որ այն համարվել է «աստվածային խմիչք»։ Հեթանոսության ժամանակ կար Գինու աստված և հնգաստիճան աստվածություն։Հետագայում գինին անցավ քրիստոնեական մշակույթի մեջ՝ որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ»,- նշում է Հարությունյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը եղել է գինու և խաղողի ծիսական կենտրոն։ «Երբ տարածաշրջանի ազգերը ընդունեցին մահմեդականությունը, որը մերժում էր գինին, այդ շրջաններում վերացավ խաղողագործությունը։ Իսկ քրիստոնյա Հայաստանում գինին դարձավ կրոնական խմիչք»,-«աստվածային» խմիչքի մասին իր պատմությունը եզրափակում է Հայաստանի գլխավոր գինեգործը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում