Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնների փոփոխությունը հակասում է Ադրբեջանի կողմից ստորագրված ԻԿԱՕ կոնվենցիային. Աթբաշյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կառավարության` «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնների» մեջ մտցրած փոփոխությունները, որոնք թույլ են տալիս երկրի օդուժին ոչնչացնել «երկրի տարածք անօրինաբար ներխուժած ինքնաթիռները», հակասում են Ադրբեջանի կողմից ստորագրված ԻԿԱՕ կոնվենցիային:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեցԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն պետ Դմիտրի Աթբաշյանը: «Այդ կոնվենցիայով Ադրբեջանը եւ այն ստորագրած մյուս պետությունները պարտավորություններ ունեն քաղաքացիական ավիացիային պատկանող օդանավերին վնաս չպատճառելու:Ես համոզված եմ, որ Ադրբեջանի կառավարությունում իրավաբանական բաժին կա, որը ոչ խելամիտ որոշումներ թույլ չի տա, նրանք կփորձեն նոր ընդունված փաստաթղթերը համաձայնեցնել միջազգային այն փաստաթղթերի հետ, որոնց տակ Ադրբեջանի ստորագրությունը կա: Իհարկե, մենք մտածում ենք, թե հակառակ պարագայում ինչ քայլերի կարելի է դիմել»,- ասաց նա: Աթբաշյանի խոսքով` դրանց մասին խոսելը, սակայն, վաղաժամ է: Ավիացիայի վարչության պետը խոստացավ իր տեսակետը հայտնել միայն պաշտոնական հաղորդագրությունն ուսումնասիրելուց հետո:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է նման քայլերի գնալ` Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման թեման «թարմ» պահելու համար: Սա չի նշանակում, սակայն, որ որեւէ փոփոխություն կարող է լինել: Հովհաննիսյանի համոզմամբ` Ադրբեջանը ոչ քաղաքական կամք, ոչ հնարավորություն չունի նման բան անելու: «Ստեփանակերտի ուղղությամբ թռիչքներ իրականացվել եւ իրականացվելու են, որեւէ տարբերություն չկա ինքնաթիռով, թե ուղղաթիռով, ինչպես մինչ այժմ կատարվել են թռիչքները»,- ասաց նա:

Ադրբեջանական APA գործակալության տեղեկություններով` «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնների» մեջ կառավարությունը մտցրել է մի շարք փոփոխություններ: Դրանք իրավունք են տալիս երկրի օդուժին` «երկրի տարածք անօրինաբար ներխուժած ինքնաթիռները» ոչնչացնելու։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունը վստահեցնում է` Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ անպայման իրականացվելու են: Ներկայում իրականացվում է օդանավակայանը սպասարկող անձնակազմի վերապատրաստում եւ կարգավորվում են տեխնիկական մի շարք հարցեր: Ստեփանակերտ-Երեւան չվերթի տոմսն, ամենայն հավանականությամբ, կարժենա 18-19 հազար դրամ: Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008 թվականին սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի:Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը: Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին: Ադրբեջանական այս հայտարարությունները դատապարտեց նաեւ միջազգային հանրությունը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին