Հասարակական

Դինքի սպանության կազմակերպմանը քաջատեղյակ են եղել Թուրքիայի վերին օղակներում. պատմաբան

3 րոպեի ընթերցում

Դինքի սպանության կազմակերպմանը քաջատեղյակ են եղել Թուրքիայի վերին օղակներում. պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Հրանտ Դինքի սպանությունը թուրքական մամուլը ներկայացնում է իբրեւ ազգայնականների քայլ, որին պետությունը որեւէ կապ չունի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Մելքոնյանը նկատեց, սակայն, որ Դինքի սպանության կազմակերպմանը քաջատեղյակ են եղել վերին օղակներում: «Դինքի սպանությունը Ցեղասպանության տրամաբանական շարունակությունն էր, սակայն ստիպված եմ հիասթափեցնել` այս սպանությունը տարեցտարի ավելի լայն արձագանք է գտնում աշխարհում, եւ բոլորն էլ հասկանում են, որ Դինքին փորձեց լռեցնել հենց Թուրքիայի կառավարությունը»,- ասաց նա` նկատելով, որ մարդասպանն ընդամենը տասնյոթ տարեկան էր եւ ունակ չէր ինքնուրույն որոշում կայացնելու:

Պատմաբանի համոզմամբ` թուրք հասարակության մեծ մասը լավ գիտի, որ եղել է Հայոց ցեղասպանություն. պատահական չէ, որ Հրանտ Դինքի մահից հետոթուրքերի մեծ մասը փողոց դուրս եկավ` կոչանելով թուրքական իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մելքոնյանի խոսքով` Դինքի սպանության գործը դեռ փակված չէ, քանի որ իրական կազմակերպիչները շրջում են ազատության մեջ: Հարցին` ինչ հետեւանքներ կարող է ունենալ Դինքի սպանությունը տարիներ անց, պատմաբանը պատասխանեց, որ պատմությունը ցույց է տվել` Թուրքիայի վերաբերյալ որեւէ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է: Մելքոնյանը նկատեց, որ Թուրքիան անկանխատեսելի պետություն է, որը կարիք ունի լուրջ ռեֆորմների:

Նշանավոր պոլսահայ լրագրող, 1996 թվականից Թուրքիայում հայերեն եւ թուրքերեն հրատարակվող «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից անցել է 6 տարի:2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ նա սպանվեց թուրք դավադրի ձեռքով` հետեւից գլխին արձակված հրազենային երեք կրակոցներից: Հեռանալուց հետո մարդասպանը գոչել էր` «գյավուր»` հիմք տալով մտածելու, որ սպանությունը կատարվել է ազգայնական հողի վրա: Դինքը Թուրքիայի երեւելի մտավորականներից էր, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, ինչի համար էլ բազմիցս ենթարկվում էր հալածանքի ու հետապնդումների:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում