ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում «Գրքի Հարթակ» երկամյա ծրագրի միջոցով իրականացված եւ 2013 թ-ի համար նախատեսված նախագծերը կներկայացվեն հունվարի 16-ին: «Next Page» հիմնադրամի տնօրեն Յանա Գենովան (Բուլղարիա) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կցուցադրի և կներկայացնի այդ ամենը: Շնորհանդեսին մասնակցելու են ՀՀ Մշակույթի, Կրթության եւ գիտության, Սփյուռքի, Արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայիգործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը, հրատարակիչների ազգային ասոցիացիան «Գրքի հարթակ» նախագիծը սկսել է իրականացնել 2012 թվականի հունվարից` Ուկրաինայի եւ Վրաստանի գործընկերների հետ համատեղ եւ Բուլղարիայի «Next Page» հիմնադրամի ընդհանուր ղեկավարությամբ: Անցած մեկ տարվա ընթացքում կազմվել է Հայաստանի գրքի ոլորտի շուրջ 70 կազմակերպությունների տվյալների բազան, ՀԱԱ-ի գլխավորությամբ թարգմանիչների, գրադարանների, գրավաճառների ասոցիացիաների և «Հայ գրքի կենտրոն», «Ակտուալ արտ» ՀԿ-ների ղեկավարները մասնակցել են «Հասարակական սեկտորի հզորացում և միջոցների հայթայթում» թեմայով միջազգային երկօրյա սեմինարին (Թբիլիսի):
Ընթացիկ տարում կկազմվեն նաեւ 1991-2012 թվականներին մի շարք լեզուներից հայերենով թարգմանված եւ Հայաստանում հրատարակված գրականության մատենագիտական ցանկերն ու համապատասխան ուսումնասիրությունները:
Թարգմանիչների և հրատարակիչների երևանյան 6-րդ ֆորումի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Next Page հիմնադրամը ՀԱԱ-ն աջակցել ու ակտիվորեն մասնակցել է մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի հարցերին նվիրված միջազգային սեմինարին:
Այժմ ընթանում են Հայաստանի գրահրատարակչական շուկայի սոցիոլոգիական համակողմանի ուսումնասիրության աշխատանքները, որոնք իրականացնում են Մարկետինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը և գրահրատարակչական ոլորտի մասնագետ Դավիթ Դաբաղյանը` միջազգային փորձագետ Ռուդիգեր Վիշենբարտի (Ավստրիա) գլխավորությամբ:
«Գրքի հարթակ» նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից եւ իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում` տարածաշրջանի կայուն զարգացման գործում մշակույթի դերակատարման, ինչպես նաև Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության տարածաշրջանային պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, մշակութային և ակադեմիական կազմակերպությունների համագործակցության աջակցությամբ: