«Ռեինկարնացիա»-ի «նոր Աղուհաց» ձայնասկավառակը չի վաճառվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեինկարնացիա» խումբը թողարկել է նոր ձայնասկավառակ` «Աղուհաց» խորագրով, որի շնորհանդեսը կայացավ հունվարի 15-ին: Այն նախատեսված չէ վաճառքի համար եւ թողարկվել է ընդամենը 3000 օրինակով: Նրանք, ովքեր չեն հասցնի ձեռք բերել ձայնասկավառակը, հաջորդ օրվանից կարող են ներբեռնել երգերը խմբի պաշտոնական կայքից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը, անդրադառնալով սկավառակի խորագրի ընտրությանը, նշեց, որ այն ընտրվել է, քանի որ կա համանուն երգ ալբոմում, որն իր համար ունի կարեւոր նշանակություն: «Մենք ցանկացանք հիշեցնել, որ աղ ու հացը չի վաճառվում, չեն վաճառվում նաեւ մեր սրտերը»,- ասաց Ռոլանդ Գասպարյանը` բոլորին խորհուրդ տալով բիզնեսից բացի ուշադրություն դարձնել սրտին, ներքին աշխարհին:
Ձայնասկավառակում ընդգրկված են յոթ երգեր, որոնց մեջ, սակայն, չկա վերջին շրջանի լավագույն հիթերից մեկը՝ «Poker.am» ֆիլմի սաունդթրեքը՝ «Աշխարհումս իմն դուն իս»-ը: Սակայն ձայնասկավառակում ընդգրկված է նույն ֆիլմից «Ժամանակ» երգը, որը ավելի հայտնի է երկրպագուների շրջանում «Սերն է պակասել» անվամբ:
«Որոշել ենք, որ այսուհետ մեր բոլոր ձայնասկավառակներում հենց 7 երգ է լինելու»,- ասաց մեներգիչը` հավելելով, որ այս ձայնասկավառակն ավելի կարճ ժամկետներում է պատրաստվել, քան նախորդ երկուսը: Երգերում արծարծվում են թեմաներ` կապված սիրո, քաղաքականության, ինչպես նաեւ Հայաստանի անցյալի ու ապագայի հետ:
Ռոլանդ Գասպարյանը խորհուրդ է տալիս բոլորին հաճախ նայել իրենց հայելու մեջ, որպեսզի քննադատի կեցվածք չընդունեն այնպիսիները, ովքեր պարզապես դրա իրավունքը չունեն:
Շնորհանդեսից հետո երեկոյան ժամը 20:00-ին Mezzo ակումբում տեղի կունենա խմբի համերգը, որտեղ նրանք կներկայացնեն նոր ձայնասկավառակի երգերը:
Երգիչը տեղեկացրեց նաեւ, որ մեկ ամսից կներկայացվի 2012-ին «Ռեինկարնացիա»-ի Եվրոպա կատարած շրջագայության մասին փաստագրական ֆիլմը: