Արտեմ Ասատրյանը տարվա խոշոր ձեռքբերումներից է համարում բժշկասոցիալական փորձաքննության կանոնակարգումը
11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ապահովության ոլորտն այս տարի շատերի ուշադրության կենտրոնում հայտնվեց` հատկապես բժշկասոցիալական փորձաքննության հետ կապված մի շարք բացթողումների պատճառով: Ոլորտի ձեռքբերումների, բացերի եւ առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
-Պարոն նախարար, ամփոփելով տարին` ո՞րն եք համարում աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում այս տարվա ամենախոշոր ձեռքբերումը:
-Կենսաթոշակային գործող համակարգի նոր տեղեկատվական շտեմարանի ներդրումը, բազմաստիճան կենսաթոշակային համակարգին անցման ենթակառուցվածքների ձևավորումը, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքների ավարտը, բժշկասոցիալական փորձաքննության գործընթացների կանոնակարգման աշխատանքները: Կարճ ասած` լավ հենքի և նախադրյալների ձևավորումը` 2013 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումները գործարկելու և մեր քաղաքացիների համար տեսանելի ու շոշափելի արդյունքներ ապահովելու, ինչպես նաև գործընթացներն անշրջելի դարձնելու միջոցով:
-Այս տարի սոցիալական ոլորտում, մասնավորապես` հաշմանդամության կարգի տրամադրման հետ կապված բացթողումներ նկատվեցին. ի՞նչ իրատեսական քայլեր եք ձեռնարկելու ոլորտի բացերը լրացնելու ուղղությամբ:
-ՀՀ կառավարությունը 2012թ. դեկտմբերի 6-ի նիստում ընդունել է որոշումներ, որոնք հնարավորություն կտան ավելի վերահսկելի դարձնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատանքը, հստակեցնել փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշները, հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։ Մասնավորապես` նախատեսվում է գործակալությունում ստեղծել իրավական ապահովման, տեղեկատվական-վերլուծական, ինչպես նաև վերափորձաքննության բաժիններ: Դա կապահովի բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքների հստակ կազմակերպումը և վերահսկողության ապահովումը: Բացի դա, առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի նիստին կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված մասնագետներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվեն բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցը և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանկը: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել փորձաքննություններին: Մասնակցության կարգը կսահմանի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Փոփոխություններ են նախատեսվել նաև բժշկասոցիալական փորձաքննության որոշումը բողոքարկելու կարգում, ավելի ստույգ` ձևավորվում է բողոքարկման եռաստիճան համակարգ, ինչը կբարձրացնի համակարգի նկատմամբ վստահությունը:
-Կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման բարդ ու պատասխանատու տարում համակարգի լիարժեք ներդրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում:
-Կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստման համատեքստում այս փուլում կարևորագույն խնդիր է համարվում եկամտային հարկի և էլեկտրոնային ստորագրությունների կարգի ներդրման սահուն ընթացքը: Այս փոփոխությունները ներկայում երկրում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների շղթայի մասն են: 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանի գործատուները և վարձու աշխատողները գործ կունենան նոր հարկատեսակի՝ միասնական եկամտային հարկի հետ: Այն իրականում փոխարինելու է ներկայում գործող եկամտահարկին և աշխատողի ու գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահավության վճարներին: Միասնական եկամտային հարկի ներդրմամբ կատարվում է ևս մեկ փոփոխություն գործատուների կողմից հաշվետվությունների ներկայացման կարգի մեջ: Միասնական եկամտային հարկի ներդրման և հաշվետվությունների ներկայացման մեխանիզմը պարզեցնելու շնորհիվ ապահովվելու է բարեփոխման բարեհաջող գործարկումը, ուստի այսօր առաջնային խնդիր է այս նորամուծությունների իրազեկումը: Դեռևս սեպտեմբերից լայն թափ ստացավ հանրապետության գործատուներին և հաշվապահներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու գործընթացը: Շատ կարևոր է, որ 2013 թվականի տարեսկզբին երկրի բոլոր ակտիվ հարկատուները լիովին պատրաստ լինեն նոր համակարգին՝ թե´ գիտելիքների, և թե´ ռեսուրսների առումով: Այս նպատակով ձեռնարկվել են լայնամասշտաբ ուսուցողական աշխատանքներ հանրապետության գործատուների և այն անձանց հետ, ովքեր ստորագրում են իրենց կազմակերպությունների հաշվետվությունները: Նրանց բոլոր մանրամասներով ներկայացվում և ուսուցանվում են միասնական եկամտային հարկի հաշվարկման կարգը, էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգը, տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, թե ինչ հաջորդական քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն ստանալու, հարկային մարմնի հետ էլեկտրոնային հաշվետվության պայմանագիր կնքելու համար: Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամը (ԿՀԻԿ)՝ Պետական եկամուտների կոմիտեի, Գործատուների միության, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և Աշխատանքի պետական տեսչության հետ համատեղ, հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպում է դասընթացներ, որոնց միջոցով գործատուները, ինչպես նաև այն անձինք, ովքեր իրենց կազմակերպության անունից ստորագրելու են էլեկտրոնային հաշվետվությունները, ծանոթանում են այս բոլոր փոփոխություններին, նորամուծություններին, ընթացակարգերին: Մանրամասն ներկայացվում է նաև էլեկտրոնային հաշվետվությունների համակարգից օգտվելու կարգը:
-Կենսաթոշակային բարեփոխումների ներդրման հետ կապված նախարարությունն ինչ իրազեկման աշխատանքեր է պատրաստվում իրականացնել` հաշվի առնելով,որ իրազեկության պակասն է երբեմն հանգեցնում քննադատության:
-Հոկտեմբերին յուրաքանչյուր մարզից 3-ական մասնագետ ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնում վերապատրաստվել է որպես դասընթացավար, և նախապես կազմված ժամանակացույցերով սկսվել են իրազեկման դասընթացները բոլոր մարզերում: Երկու ամսվա ընթացքում պետական հատվածի գործատուների համար իրականացվել է 121 դասընթաց մարզերում՝ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ: Այդ դասընթացներին մասնակցել է 3254 մասնագետ՝ 3245 պետական կազմակերպություններից: Հաջորդ փուլում անվճար դասընթացներին մասնակցած ընկերություններին անվճար կտրվի նույնականացման քարտ կարդացող սարք և, անհրաժեշտության դեպքում, ԿՀԻԿ հիմնադրամի դասընթացավարները ստեղծված հատուկ կենտրոններում հաշվապահներին կօգնեն կազմել և ներկայացնել եկամտային հարկի հաշվետվություննները: Գործատուների աջակցման կենտրոններ կստեղծվեն նաև ՓՄՁ ԶԱԿ մարզային կենտրոններում, ինչպես նաև մասնավոր բանկերի մարզային մասնաճյուղերում: Արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի բանկերի միության հետ Հայաստանում գործող բոլոր բանկերի միջոցով գործատուներին աջակցելու նպատակով: ԿՀԻԿ հիմնադրամը նախատեսում է տեխնիկական աջակցություն ապահովել, վերապատրաստել բանկերի մարզային մասնաճյուղերից մեկական աշխատակցի, որպեսզի գործատուների համար հնարավորինս մատչելի լինեն աջակցման կենտրոնները: Մասնավոր հատվածի գործատուների հետ ևս առանձին ժամանակացույցերով սկսվել են իրազեկման անվճար դասընթացները: ՓՄՁ ԶԱԿ կենտրոններում վերապատրաստվել են 1800 մասնավոր ընկերությունների հաշվապահներ և գործատուներ: Իրազեկման դասընթացներ են իրականացվում նաև մարզպետարաններում, աշխատանքի պետական տեսչության մարզային կենտրոններում: Աշխատանքի պետական տեսչությունը կազմակերպում է դասընթացներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: 13 դասընթաց է անցկացվել մայրաքաղաքում, որոնց մասնակցել են 742 մասնագետներ, ևս 68 դասընթաց կազմակերպվել է մարզերում՝ 2916 մասնակցով: Ընդհանուր առմամբ Աշխատաքի պետական տեսչության կողմից վերապատրաստվել է 3658 հաշվապահ: Երևանում արդեն իսկ վերպատրաստվել են բոլոր նախարարությունների թվով 80 հաշվապահները: Պետական գերատեսչությունների հաշվապահների համար դասընթացները կշարունակվեն հունվար և փետրվար ամիսներին: Երևան քաղաքի մասնավոր հատվածի գործատուների համար անվճար դասընթացների կազմակերպմանն աջակցում են Գործատուների և Հաշվապահների միությունները: Լայնածավալ իրազեկման նպատակով պատրաստվել և հեռարձակվել են հեռուստատեսային և ռադիո հոլովակներ, զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են իրազեկման հայտարարություններ, տպագրվել են տեղեկատվական թերթիկներ և պաստառներ, 20 հազար տպաքանակով հրատարակվել են ուղեցույցներ՝ անհատական հաշիվների գրանցման կարգի վերաբերյալ և գրքույկներ՝ եկամտային հարկի մասին: Գործում է նաև «114» կարճ հեռախոսահամարով թեժ գիծը, պատրաստման ընթացքում է կենսաթոշակային բարեփոխումների նոր կայքէջը, որի գործարկումից առաջ ներկայումս օգտատերերին առաջարկվում է gitem.am և epension.am կայքը: ԿՀԻԿ հիմնադրամը հնարավոր բոլոր խողովակներով տարածում է տեղեկատվությունը, հանրապետության բոլոր գործատուներին, հաշվապահներին, ֆինանսական տնօրեններին հրավիրելով անվճար դասընթացների: Իրազեկման աշխատանքները լայն թափով կշարունակվեն նաև 2013-ին:
Հարցազրույցը` Անի Դալլաքյանի