Simpho+Jazz=Christmas համերգային ծրագիրը խոստանում է լինել անակնկալներով լեցուն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցի եւ դաշնակահար Վահագն Հայրապետյանի համատեղ Simpho+Jazz=Christmas խորագրով համերգը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայրապետյանը նշեց, որ նախաձեռնության սկիզբը դրվեց նոյեմբերի 3-ին, երբ տեղի ունեցավ ՀՊԵՆ-ի` դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ եւ «Նյու Յորք ջազ քառյակ»-ի սիմֆո ջազ առաջին համատեղ համերգը, որն անտարբեր չթողեց երաժշտասեր հանրությանը:
«Նախաձեռնության սկիզբը դրվեց կայանալիք համերգից առաջ: Այդտեղից սկսվեց ամեն ինչ եւ Simpho+Jazz=Christmas-ն էլ հենց նախորդ համերգի տրամաբանական շարունակությունն էր, որը, հուսով ենք, որ շարունակություն կունենա»,- ասաց ջազմենը: Նրա խոսքով` պետք էր դրդիչ հանգամանք վաղուց գոյություն ունեցող գաղափարը կյանքի կոչելու համար:
«Համագործակցությունը վաղուց կար, եւ շնորհիվ Հայրապետյանի վերջնական էնտուզիազմի, համերգը հնարավոր դարձավ իրականացնել»,- ասաց Հյուսնունցը: Նա նշեց, որ հաճելի է համագործակցել երաժիշտների հետ, ովքեր չեն վախենում ժանրային փոփոխություններից, նորարարություններից:
«Մենք ինչ-որ չափով իրար լրացնում ենք եւ դա շատ օրգանական է ստացվում»,- Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավարը:
ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշեց, որ կայանալիք համերգին մասնակից երաժշիտները առաջին հերթին կարեւորում են ունկնդրի պահանջները:
«Երկար կարելի է խոսել նվագախմբերի պրոֆեսիոնալ կարողությունների մասին, մինչդեռ կարեւոր է այն, որ համերգի նպատակն է դրական զգացմունքներ պարգեւել հանդիսատեսին»,- ասաց Սմբատյանը: Նա ավելացրեց, որ իր ձեւաչափով համերգը աննախադեպ է լինելու:
Բանախոսների հավաստմամբ` համերգը կլինի ամանորյա անակնկալներով լեցուն: Համերգային ծրագիրը կընդգրկի ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործություններ` նվիրված Ամանորին եւ Սուրբ Ծնունդին: Կհնչեն սիրված եւ ճանաչված ստեղծագործություններ, որոնք երբեւիցե չեն հնչել Երեւանում: