ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի մրցույթին Շվեյցարիան 2013 թվականին կներկայացնեն Փրկության բանակ քրիստոնեական կազմակերպության երաժիշտները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News –ին:
Հենց Փրկության բանակ (գերմաներեն Heilsarmee) համույթն Է դարձել հանդիսատեսների քվեարկության հաղթողը: Նրանց "You and Me" կոմպոզիցիան ստացել Է հեռուստադիտողների ձայների 37,5 տոկոսը: Խումբը բաղկացած Է վեց հոգուց: Մասնակիցներից ամենատարեցը՝ կոնտրաբասահար Էմիլ Ռամզաուերը, 94 տարեկան Է:
Շվեյցարիան «Եվրատեսիլում» հաղթել Է 1956 թվականին, ինչպես նաեւ 1988 թվականին, երբ երկիրը ներկայացնում Էր կանադացի երգչուհի Սելին Դիոնը, ինչից հետո նա լայն ճանաչում ստացավ:
«Եվրատեսիլ-2013»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում: Մրցույթին մասնակցելուց արդեն հրաժարվել են Թուրքիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան ու Բոսնիա եւ Հերցեգովիան: Բոլորը, բացի Թուրքիայից, «Եվրատեսիլ»-ին չեն մասնակցի տնտեսական պատճառներով: Իսկ Թուրքիան մրցույթին մասնակցելուց հրաժարվել Է ի նշան ձայները հաշվելու կանոնների դեմ բողոքի: Չի բացառվում նաեւ, որ 2013 թվականին «Եվրատեսիլը» կանցկացվի առանց Հունաստանի եւ Կիպրոսի ներկայացուցիչների, երկրներ, որոնք փորձում են հաղթահարել ճգնաժամի հետեւանքները:
Փրկության բանակը միջազգային միսիոներական եւ բարեգործական կազմակերպություն Է, որը գործում Է 19-ից դարի կեսերից: Կազմակերպության շտաբ-կացարանը գտնվում Է Լոնդոնում: