Իսկանդարյանն ընդդիմության համախմբումն անհնար է համարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք նախագահական ընտրություններին ընդդիմության համախմբումն անհնար է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա կարծում է, որ բոլոր թեկնածուներն առանձին-առանձին կմասնակցեն ընտրություններին:
Քաղաքագետը բարձր է գնահատում գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու հնարավորությունները: «Սերժ Սարգսյանը կարող է հավաքել 51 կամ էլ 80-85 տոկոս ձայն՝ կախված նրանից, թե ինչ թեկնածուներ կլինեն և թե ինչպես կվերադասավորվի ընդդիմադիր դաշտը»,- ասաց նա:
Իսկանդարյանը նորմալ է վերաբերում ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը: Քաղաքագետի կարծիքով՝ ԲՀԿ-ի ընտազանգվածի ձայները կբաժանվեն բոլոր թեկնածուների միջև:
Անդրադառնալով ընտրություններին ՀԱԿ մասնակցության ձևաչափին՝ քաղաքագետն առանձնացրեց երեք տարբերակ, ըստ որոնց` ՀԱԿ-ը կարող է չգնալ ընտրություններին, կարող է մասնակցել Լեվոն Տեր- Պետրոսյանի առաջադրմամբ կամ առաջադրել այլ թեկնածու: