Շոու բիզնես

Երգահան Դերհովայի վաղեմի երազանքն իրականացել է. նա ՀՀ քաղաքացի է

4 րոպեի ընթերցում

Երգահան Դերհովայի վաղեմի երազանքն իրականացել է. նա ՀՀ քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երգահան, գործիքավորող Հարություն Տեր-Հովակիմհանը` Դերհովան, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Կանադայի Տորոնտո քաղաքում ծնված երգահանը ` «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը երազանք էր:

«Յոթ ամիս առաջ էի դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այժմ ես միաժամանակ երկու երկրների` Հայաստանի եւ Կանադայի քաղաքացի եմ»,- ասաց Դերհովան: Նրա խոսքով` քաղաքացիություն ստանալու լուրը ուրախություն է պատճառել նաեւ ընտանիքի անդամներին եւ ընկերներին:

«Ես ցանկանում էի ունենալ նույն իրավունքներն ու պարտականությունները իմ երկրում, ինչ ունեն իմ ընկերները: Արդեն տասը տարի է, ինչ ապրում եմ Երեւանում եւ կարծես տեղացի հայ լինեի, սակայն քաղաքացիություն ունենալը ինձ համար շատ կարեւոր էր»,- նշեց երգահանը: Նա նաեւ հավելեց, որ իր որոշման համար իր մտերիմները հպարտանում են իրենով:

Չնայած նրան, որ երգահանը արդեն ունի երկքաղաքացիության կարգավիճակ, այնուհանդերձ, տարվա մեծ մասն անցկացնում է Հայաստանում եւ միայն մեկ կամ երկու ամսով է մեկնում Կանադա` ծնողներին տեսնելու:

Դերհովան պատմում է, որ նախքան Հայաստանում մշտական բնակություն հաստատելը երկու անգամ էր եղել հայրենիքում` առաջինը մանուկ հասակում` Խորհրդային Միության տարիներին, երկրորդը` 2000 թվականին:

«Քանի որ ինքս եմ տնօրինում իմ աշխատանքը, որոշեցի գալ եւ ստեղծագործել հենց Հայաստանում»,- ասաց գործիքավորող: Նա խոստովանեց, որ Հայաստանում բնակվելու սկզբնական ժամանակահատվածում իրեն փոքր ինչ դժվար էր շփվել տեղացիների հետ, ովքեր ի տարբերություն օտարերկրացիների` միշտ չէ, որ ժպտում են:

«Շատերը կարծում են, որ ամերիկացիները մակերեսային են, կեղծ ժպիտներով, մինչդեռ այդպես չէ: Հաճախ ժպիտից կարող ես ավելի շատ դրական էներգիա փոխանցել դիմացինին, քանի «մունաթ» դեմքի արտահայտություն ունենալու, չժպտալու պարագայում»,- հավելեց երգահանը:

Նա 1991 թվականին «Hi-Bias Records» ընկերության հետ կնքել է առաջին պայմանագիրը, որից հետո սկսել է երաժշտական գործունեությունը: 1992 թվականին «Temperance» բեմական անունով թողարկել է առաջին «Phantasy» ալբոմը: Մինչ 2002 թվականը միջազգային երաժշտական ասպարեզում գրել եւ թողարկել է ավելի քան 300 երգ: Համագործակցել է համաշխարհային այնպիսի առաջատար ձայնագրման ընկերությունների հետ, ինչպիսիք են «Sony», «BMG», «Universal Music»:

2002 թվականին տեղափոխվել է Երեւան` 2006 թվականից վերամշակել, գործիքավորել եւ թողարկել է առաջին հայկական` «Քամի փչի» երգը:

Երգահանի ստեղծագործությունների մեծ մասը դարձել են տարբեր տարիների հիթեր, որոնցից են Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան», Սիրուշոյի «Քելե, քելե», ով այդ երգով մասնակցեց «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթին` գրավելով 4-րդ տեղը: Դերհովան գործիքավորել էՎլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը, որը հաղթանակ բերեց Հայաստանին`«Մանկական Եվրատեսիլ 2010» եվրոպական երաժշտական մրցույթի ժամանակ: Երգահանը համագործակցում է երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Դեկտեմբերին հանրության դատին ներկայացվեն նրա` երգչուհի Էմիի համար գրված «Այո» երգը: Դերհովան ակտիվ մասնակցություն է ցուցաբերել եւ գործիքավորել է «Դու հաստատ կապրես» բարեգործական նախաձեռնության համանուն երգը, որն ուղղված էր արյան քաղցկեղով հիվանդ 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի փրկությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում