Հայաստանում իրավունքի իմացության ոլորտում լուրջ աճ է նկատվում. Գագիկ Հարությունյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում իրավագիտակցության և փաստաբանների մասնագիտական որակների բարձրացում է նկատվում: Նման գնահատական տվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` Երևանում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած «Երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային դատավարություններում. Հայաստանում amicus curiae ներկայացնելու մշակույթը և զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ: «Մեզանում տեղի է ունենում և մասնագիտական լուրջ աճ` հատկապես փաստաբանների շրջանակում, և իրավունքի իմացության ոլորտում՝ ընդ որում, եվրոպական ստանդարտներին համապատասխան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:
Միջոցառմանը ներկայացվեցին և քննարկվեցին նաև Փաստաբանների պալատի գիտա-վերլուծական կենտրոնի կողմից 2012 թ. ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված գրավոր մեկնաբանությունները:
Հայաստանում «Amicus curiae» պրակտիկան խրախուսելու ջանքերն ուղղված են նպաստելու դատական որոշումների արդյունավետության բարձրացմանը և հզորացնելու փաստաբանների իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` դատարանին ներկայացնելու արժեքավոր իրավական փաստարկներ:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունթուլովը, ներկայացուցիչներ դատական համակարգից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հասարակական և միջազգային կազմակերպություններից: