ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր ՆատալյաԲելյաուսկենեի եւ պրոդյուսեր Միքայել Պողոսյանի` Արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը..» ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում կայացած «Արփա» փառատոնի փակման արարողությանը դեկտեմբերի 2-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքը, Պողոսյանը փառատոնի շրջանակներում ճանաչվել է 2012 թվականի լավագույն արտիստ:Փառատոնի բացումը տեղի է ունեցել ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորած մոլորածը Հայաստանում (Lost and found in Armenia) ֆիլմով, որի հայաստանյան պրեմիերան կայացել է «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 22-ին:
«Արփա» փառատոնը հիմնադրվել է 1995 թվականին` Հայաստանում հոսող համանուն գետի պատվին: Փառատոնի նպատակն է համախմբել եւ ներկայացնել հայկական սփյուռքին անդրադարձող ֆիլմերը: Հիմնադրման պահից «Արփա»-ին հաջողվում է դառնալ մշակութային բազմազանություն ներկայացնող փառատոն: 2012 թվականինմիջազգային կինոփառատոնընշել է իր հիմնադրման 15-ամյակը: Փառատոնի կազմակերպիչն է «Արփա» արվեստի հիմնադրամը:15-րդ հոբելյանական փառատոնն անցկացվել է նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը: Եգիպտական թատրոնում անցկացված փառատոնին ներկայացվել է 40 ֆիլմ` գեղարվեստական, վավերագրական, կարճամետրաժ, անիմացիա ժանրերում: 2011 թվականին կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը»: