«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի «սառույցը կոտրեց» Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Պետրիկը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2012» հոբելյանական միջազգային մրցույթը տեղի ունեցավ Ամստերդամի Heineken Music Hall համերգասրահում դեկտեմբերի 1-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվերարկության հիսուն/հիսուն հարաբերակցության արդյունքում հաղթող ճանաչվեց Ուկրաինան ներկայացնող 10-ամյա Անաստասիա Պետրիկը` «Nebo» երգով: Ուկրաինացի փոքրիկ երգչուհու երգը հավաքեց 138 միավոր:
Հայաստանը` Sweetie baby երգով ներկայացրած Compass band-ը գրավեց երրորդ տեղը: Անգլիական «Բիթլս» խմբի ոճում հանդես եկած մեր պատանի երգիչները հավաքեցին 98 միավոր:
Մրցույթի նորարարություններից մեկն այս տարի այն էր, որ մրցույթի կազմակերպիչները Եվրոպական հեռարձակողների միության հետ համատեղ, որոշել էին հիմնական ժյուրիի հետ համատեղ սահմանել եւս մեկ «մանկական ժյուրի»: Յուրաքանչյուր մասնակից երկրից ներկայացված էր նաեւ մեկական երեխա ժյուրի, ով իր երկրից քվեարկեց որպես ժյուրիի անդամ: Հայաստանից` մանկական ժյուրիի կազմում է մեր երկիրը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթան:Մրցույթում Հայաստանը ներկայացնող Compass band-ի կազմը բաղկացած է չորս հոգուց` Դավիթ Պարոնիկյան, Արշավիր Գրիգորյան, Արամ Ծատուրյան եւ Աբրահամ Ազնաուրյան:
Խմբի` հայաստանյան նախընտրական եզրափակիչ փուլում չորս տղաների հետ բեմում հանդես եկած Միքայել Վարոսյանը, ում տարիքը չէր համապատասխանում մրցույթի կանոներին` հայտարարեց Հայաստանի քվեարկության արդյունքները` այդ կերպ ապահովելով իր մասնակցությունը մրցույթին եւ սատարելով Compass band-ին:
2011 թվականի հոկտեմբերի 11-ին Երեւանում մրցույթի երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ այս տարվա հյուրընկալող երկիր էր որոշվել Նիդերլանդները:Մրցույթին մասնակցեցին 12 երկիր` Բելառուսը, Շվեդիան, Ադրբեջանը, Բելգիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ալբանիան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Նիդերլանդները: Մրցույթը անցկացվեց «Կոտրենք սառույցը» կարգախոսի ներքո:
«Մանկական Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային մրցույթում Հայաստանը սկսեց իր կենսագրությունը 2007 թվականին, երբ «Արեւներ» մանկապատենեկան խումբը Ռոտերդամի «Ահոյ» համերգասրահում ներկայացրեց «Երազանք» երգը եւ գրավեց երկրորդ հորիզոնականը: Մինսկի «Մինսկ-Արենա» սպորտային համալիրում «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով հաղթեց: «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կայացավ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ինչպես ամեն տարի 2012-ին եւս «Մանկական Եվրատեսիլ»-ի ընթացքում sms քվեարկության արդյունքում գոյացած ողջ հասույթը ուղղվելու է բարեգործության: Այս տարի այն կտրամադրվի Kids rights կազմակերպությանը, որը զբաղվում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ:
Բոլոր մասնակիցները մրցույթի ընթացքում միասին կատարեցին նաեւ Kids rights ընկերությանը նվիրված` «Մենք կարող ենք լինել հերոսներ» երգը: