Հարցազրույց

Վլադիմիր Հակոբյանն անհրաժեշտության դեպքում կվերադառնա շախմատի հավաքական

5 րոպեի ընթերցում

Վլադիմիր Հակոբյանն անհրաժեշտության դեպքում կվերադառնա շախմատի հավաքական

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային Օլիմպոսը երեք անգամ նվաճած Վլադիմիր Հակոբյանը շատերի նման երբեք կյանքըչի համեմատել շախմատային պարտիայի հետ: Գրոսմայստերըշախմատին չի վերաբերել ամենայն լրջությամբ եւ որպես միակ աշխատանքի:«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում իր ֆենոմենալ հիշողության եւ հայկական շախմատի ապագայի մասին խոսեց օլիմպիական եռակիչեմպիոնը:

-Եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը հե՞շտ կայացրեց շախմատի տղամարդկանց հավաքականից հեռանալու որոշումը:

-Ճիշտն ասած, երբ նման որոշում կայացրեցի, չէի սպասում որ նման արձագանք կլինի: Պարզապես նման գաղափար ունեի մինչ այս օլիմպիադան: Օլիմպիական եռակի չեմպիոն եմ: Չեմ մասնակցի միայն շախմատային օլիմպիադաներին, քանի որ ի տարբերություն մյուս մրցումների` օլիմպիադաները շատ լարված, դժվար եւ ծանր մրցումներ են: Միշտ մտածել եմ, որ հեռանալիս պետք հաղթանակով հեռանալ: Ես պատրաստ եմ թիմին օգնելու, թեկուզ երկրորդ կամ երրորդ մարզչի կարգավիճակով:

-Արդյո՞ք վստահորեն կարող եք ասել, որ հավաքական կգան տղաներ, ովքեր դժվարին կացության պահերին կօգնեն թիմին հաղթելու:

-Հիմա մենք ունենք շատ լավ երիտասարդ շախմատիստներ, ովքեր, իհարկե, լավ աշխատելուց, մարզվելուց հետո, կարող են փոխարինել: Օլիմպիադային դեռ երկու տարի կա, եւ սա քիչ ժամանակ չէ պատրաստվելու համար: Կարծում եմ, որ կարող են խաղալ, առավել եւս, երբ ինքը խաղալու է, ոչ թե առաջին կամ երկրորդ, այլ երրորդ կամ չորրորդ խաղատախտակի առաջ: Սակայն էլի եմ ասում, եթե 2014-ի Նորվեգիայի օլիմպիադայի ժամանակ չգտնվի մեկը, ով կկարողանա օգնել, ապա ես պատրաստ եմ նորից օգնելու թիմին:

-Դուք զբաղվում եք նաեւ մարզչական գործունեությամբ: Այսպիսի մի խոսք կա, որ լավագույն աշակերտը նա է, ով գերազանցում է ուսուցչին, իսկ դուք ունե՞ք այդպիսի սաներ:

-Իմ աշակերտները բարձր մակարդակի շախմատիստներ են: Ես չեմ մարզում սկսնակներին: Աշակերտներից են Ռոբերտ Հովհաննիսյան եւ Տիգրան Պետրոսյանը, ովքեր եղել են Հայաստանի չեմպիոն եւ ընդգրկված են եղել հավաքականի կազմում: Սամվել Տեր-Կարապետյանը, ով լավագույնն էր աշխարհում: Եւ ավելի տաղանդավոր եւ հեռնկարային Կարեն Գրիգորյանը: Նրանք երեքն էլ գրոսմայստերներ են: Այս չորսն են, սակայն արդեն կայացած եւ բարձր մակարդակի շախմատիստներ են:

-Ժամանակին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը ասել էր, որ Դուք կարող եք տեղ ունենալ աշխարհի 12 լավագույն շախմատիստների շարքում, եթե հետագայում չծուլանաք: Համամի՞տ եք, անվանի շախմատիստի կարծիքի հետ:

-Այո, դա վաղուց էր: Կասպարովը դա ասել էր պատասխանելով Բոտվիննիկին: Վերջինս ասել էր, որ եթե աշխատասիրություն լինի, ապա հնարավոր է, որ դառնամ նույնիսկ աշխարհի չեմպիոն: Սակայն ես երբեք շախմատով չեմ զբաղվել ամենայն լրջությամբ: Ես մարզվում էի այն ժամանակ, երբ ցանկություն կար: Ես շախմատին չեմ վերաբերել որպես միակ աշխատանքի:

-Պապիկի կողմից ժառանգած Ձեր ֆենոմենալ հիշողությունը նկատո՞ւմ եք Ձեր որդիների մոտ: Կուզենայի՞ք, որ նրանք էլ գնան «շախմատաձև» ճանապարհով:

-Միջնակ տղաս զբաղվում է եւ երաժշտությամբ, եւ շախմատով: Երաժշտության ուսուցչուհին միշտ կրկնում է, որ բացարձակ լսողություն ունի եւ շատ ընդունակ է: Մեծ տղաս նույնպես զբաղվում է շախմատով, երբեմն միասին են խաղում, երբեմն համացանցի միջոցով: Սակայն միջնակ տղայիս մոտ ամեն ինչ շատ լուրջ է: Օրեր առաջ շախմատի տանն ավարտված մրցաշարում նա լրացրեց առաջին կարգը: Սա այն դեպքում, երբ ես բացարձակապես չեմ խաղում կամ մարզում նրան: Ես չէի ուզում, որ իմ երեխաները շարունակեն ինձ եւ շախմատ խաղան: Ինչ վերաբերում է ֆենոմենալ հիշողությանը, ապա ինձ մոտ եղավ այնպես, որ ես հիշում էի ամեն ինչ` լիներ դա շախմատում, թե մեկ այլ ասպարեզում: Այս ամենը փոքր տարիքում, հիմա հիշողությունս այդքան էլ լավ չէ:

-Ասում են, թե կյանքը նման է շախմատային պարտիայի, Դո՞ւք էլ եք այդպես կարծում:

-Ոչ, ես այդպես չեմ կարծում: Մյուս շախմատիստները կարող են ասել նման բան, բայց ես այդպիսի բան չեմ նկատել: Գուցե ոմանք պարզապես կարողանում են հաշվել, ինչպես շախմատում, սակայն ինձ համար կյանքը նման չէ շախմատի:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում