Ադրբեջանը չի կարող իր ցանկություններին պատանդ պահել ԼՂ բանակցությունները. Կիրո Մանոյան
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանը չի կարող իր ցանկություններին պատանդ պահել ԼՂ բանակցությունները. Կիրո Մանոյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/11/700850.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի իրական վտանգ Հայաստանի համար այս պահին չկա: Ադրբեջանը միշտ էլ ռազմատենչ հայտարարություններ է անում, խախտում հրադադարի ռեժիմը, բայց միաժամանակ վստահ չէ սեփական ուժերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, պատերազմի հավանականությունը նվազեցնելու համար ԵԱՀԿ Մինսկի համանախագահները փորձում են նոր մեկնարկ տալ բանակցություններին:
Մանոյանի խոսքով` Ադրբեջանը պետք է տեսնի, որ ինքը չի կարող իր ցանկություններին պատանդ պահել այս բանակցությունները: «Միջազգային հանրությունը պետք է ցույց տա Ադրբեջանին, որ ինչքան ձգձգի բանակցությունները, այդքան այդ ամենը ոչ շահեկան կլինի իր համար»,-ասաց նա:Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պետք է ակտիվացնեն ճիգերը ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ:
Մանոյանն ուշացած, բայց տեղին է համարում Արցախի նախագահ Բակո Սահակյանի` համանախագահներին ուղղված առաջարկը, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 22-ին ժամանել են Լեռնային Ղարաբաղ: Նոյեմբերի 23-ին նրանց դիմավորել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նոյեմբերի 25-ին համանախագահները մեկնել են Բաքու: