2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բջջային կապի օպերատոր Orange ընկերությունը բանակցություններ է վարում Apple ընկերության հետ` iPhone-ում ներկառուցված հայատառ ստեղնաշար ունենալու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Orange Արմենիա»-ից, որը հեռախոսների և սմարթֆոնների բազմաթիվ համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, ընկերությունն անում է հնարավորը` իր բաժանորդներին դրանք հասանելի, մատչելի ու հարմարավետ դարձնելու համար: «Այս առումով դեռ 2011-ին Orange-ը բանակցություններ է սկսել հեռախոս արտադրող բոլոր խոշոր ընկերությունների հետ` նրանց հեռախոսներում և սմարթֆոններում հայերեն տառատեսակները ներառելու և հայատառ ստեղնաշարի առկայության մասով: Այդ աշխատանքների արդյունքն էր HTC սմարթֆոններում կիրառվող Android օպերացիոն համակարգի թարմացված տարբերակներում հայերեն տառերի ընթերցման հնարավորությունը: Հարկ է նշել նաև, որ Samsung ընկերության Android օպերացիոն համակարգով բոլոր նոր սմարթֆոններն այժմ ունեն ներկառուցված հայատառ ստեղնաշար: Իհարկե, միշտ չէ արտադրողների համար հնարավոր ապահովել հայերեն ինտերֆեյս` հայկական շուկայի փոքր լինելու պատճառով»,-ասացին «Orange Արմենիա»-ից: Բոլոր iPhone-ներով եւս ներկայումս հնարավոր է կարդալ հայերեն տառատեսակները:
Բջջային հեռախոսների ծրագրերի հայաֆիկացման հարցը վերաբերում է ծրագրային հավելվածներին (application), եւ դա հենց ծրագիրը ստեղծողի նախապատվությունն է: Տարբեր օպերացիոն համակարգերի առցանց խանութներում արդեն առկա են հայերեն կամ հայաֆիկացված բազում ծրագրեր: