ԱՄՆ իշխանությունները կփորձեն վերակենդանացնել հայ-թուրքական բանակցային գործընթացը. արևելագետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները կփորձեն ակտիվացնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «ԱՄՆ իշխանությունների նպատակներից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Շատ բան կախված կլինի նրանից, թե այդ հարցում ինչ հետաքրքրություն կունենա ԱՄՆ ապագա պետքարտուղարը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Սաֆրաստյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` Սաֆրաստյանը նշեց, որ ԱՄՆ իշխանությունները կարող են որոշ նոր մոտեցումներ ցուցաբերել այդ հարցում:
Արևելագետի խոսքով՝ ոճրագործ Սաֆարովի հետ կապված իրադարձությունները անհրաժեշտ է օգտագործել ի նպաստ Հայաստանի շահերի: «Պետք է սաֆարովյան դեպքը օգտագործել բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի ամրապնդման և մեր մոտեցումներն ավելի ճանաչելի դարձնելու համար»,- ընդգծեց Սաֆրաստյանը: Արևելագետի խոսքով` Ռուսաստանը փորձում է կանխել ղարաբաղյան պատերազմի վերսկսումը: «Ռուսական դիվանագիտությունը ամեն ինչ կանի, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ չսկսի Ղարաբաղի և Հայաստանի դեմ»,- ընդգծեց Սաֆրաստյանը:
Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ ազատ արձակումից հետո (2012թ. օգոստոսի 31) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սառեցվել է: Տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով միայն մեկ հանդիպում. սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան: