Քուրդ ցուցարարները Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Թուրքիայից պահանջել են ազատել Աբդուլլահ Օջալանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ քուրդ ցուցարարները` երեխաներ, կանայք և մեծահասակներ, Շահումյանի հրապարակից ցուցապաստառներով շարժվեցին դեպի Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակ` պահանջելով ազատ արձակել Թուրքիայի քուրդ քաղբանտարկյալներին: Նրանք բարձրաձայն վանկարկում էին «Ազատություն Օջալանին», «Մարդասպան Էրդողան» և նմանատիպ այլ արտահայտություններ:

«Այսօր հավաքվել է քուրդ կանանց խորհրդարանը, որպեսզի ի լուր աշխարհի բարձրաձայնի և իրենց ձայնը լսելի դարձնի ՄԱԿ-ին, Մարդու իրավունքների պաշտպանին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրամիությանը և այն մարդկանց, ովքեր ի զորու են պաշտպանելու այսօրվա մեր պահանջը»,-«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ասաց «Քուրդիստան» կոմիտեի նախագահ, քրդական համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենյա Ամիրյանը:

Թուրքիան քուրդ քաղբանտարկյալների հանդեպ շատ վատ է վարվում, նրանց վիճակը ծայրահեղ վատ է, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն կերպ փորձում է ոչնչացնել քուրդ ժողովրդին` 70 բանտարկյալների թվին ավելացելով ևս 1000-ը: «Նրանք կանգնած են մահվան շեմին: Եվ երկու ամիս շարունակ ոչ ոք չի արձագանքում դրան»,-նշեց Ամիրյանն` ավելացնելով, որ եթե հանկարծ քաղբանտարկյալներից մեկին ինչ-որ բան պատահի, Թուրքիան կդառնա գերեզման:

Ամիրյանը քուրդ կանանց անունից հայտարարեց, որ Թուրքիայում Աբդուլահ Օջալանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերերը պետք է փոխվեն, իսկ այդ երկրում պետք է վերանա «շնաբուծությունը», քանի որ արդյունքում շատանում են սաֆարովները:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանն ասաց, որ նման դեպքերն ընդհանուր քննարկման նյութ են և պետք է դրան մասնակցեն ՄԱԿ-ին անդամակցող բոլոր երկրների ներկայացուցիչները:

Որպես բողոքի նշան` բոլոր քրդերը նստել էին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց` գետնին, և շարունակում էին վանկարկել Թուրքիային ու նրա կառավարությանը փնովող խոսքեր:

Հայերեն English