Հայր ու որդիներ Մկրտչյաններին միավորողը արվեստի նկատմամբ սերն է ու մշակութային դիվանագիտությունը

13 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իզուր չի ասված` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Մեծերից փոխանցված առածի աքսիոմատիկ ճշմարտության մեջ եւս մեկ անգամ համոզվեցի, երբ զրուցեցի սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանի եւ նրա երկու որդիների` Պետական համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանի հետ: Երեք անհատներին, բացի արյունակցական կապից, միավորում են զարմանալիորեն ներդաշնակ հարաբերությունները, ակնհայտ են յուրահատուկ կերպով ժառանգաբար փոխանցված ընդհանրությունները: «Արմենպրես»-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որը նպատակ ունի վեր հանելու, ընթերցողին ներկայացնելու «հայրերի եւ որդիների» հաջողված կենսագրությունները, նրանց «երկխոսությունն» ու «ժառանգաբար» փոխանցվող կենսափորձը եւ մասնագիտությունը:

«Երբ փոքր էի, երազում էի, որ մի օր…»

Վանիկ-Երբ փոքր էի, երազում էի, թե երբ մի օր մեծ մարդ կդառնամ (ծիծաղում է): Փոքր հասակում կարծում եմ այդ ցանկություն ունենում են գրեթե բոլոր երեխաները` դառնալ ավելի բոյով, ուժեղ: Իսկ հետագայում, երբ խելքները հասնում է, գնում են դպրոց, սկսում սովորել, ականջի մեջ լցվում է բուհ ընդունվելու գաղափարը եւ ձգտումները կամաց-կամաց ի հայտ են գալիս: Իսկ իմ մեջ արվեստի նկատմամբ ձգտումը կար դեռ փոքր հասակից, քանի որ դպրոցում կային տարբեր տիպի խմբակներ: Հենց դա էլ կողմնորոշեց, թե վերջապես որն է լինելու իմ ուղին:

Վարդան- Երբ ես էի փոքր, երազում էի, թե երբ է ամեն ինչ լավ լինելու: Երբ սկսեց գիտակցությունս աշխատել, երկրաշարժի տարիներն էին, դրան հաջորդեց շարժումը: Եվ ես անընդհատ մտածում էի, թե երբ է այս ամենն անցնելու, երբ է ամեն ինչ ուրախ լինելու, լավ լինելու, ավելի լուսավոր: Թեեւ արվեստագետների ընտանիքում ծնվելը այդ հարցում բավական օգնում էր, արվեստային մթնոլորտը բուժում էր այդ ցավը, հեռացնում անհանգստությունը: Երբ երեկոները մեր տանը հավաքույթներ էին լինում, ամեն ինչ ավելի հեշտ էր սկսում թվալ: Բացի այդ, ձգտում էի երաժիշտ դառնալ. դա իմ չկայացած երազանքն է:

Տիգրան- Իմ պարագայում արվեստն իհարկե մեծ ազդեցություն ունեցել է, քանի որ երազում էի դառնալ նկարիչ, քանդակագործ, որոշ շրջանում` նաեւ ջութակահար: Այդ բոլորին խանգարեց այն ժամանակաշրջանը, որում ապրում էինք` անկախացման տարիներ, զրկանքներ, դժվարություններ, որն ուղղակիորեն ազդում էր մշակութային ձգտումների վրա ու իմ պարագայում դրանք դարձան չիրականացած: Այդ շրջանում առաջացավ ցանկություն շրջվել դեպի դիվանագիտությունը, ընտրեցի պատմաբանի, միջազգայնագետի մասնագիտությունները: Փաստորեն մեր տնից դուրս գտնվող քաղաքական իրադարձություններն ազդեցին իմ մասնագիտության ընտրության վրա:

«Այժմ ես այն եմ, ինչ…»

Վանիկ- Այժմ ես այն եմ, ինչ կամ: Տարիքիս փոփոխությունը բնավորությանս վրա երբեք չի ազդում: Մարդն ի ծնե արյան մեջ ունի գենետիկորեն փոխանցված մի այնպիսի բան, որ մնում է հավետ ու երբեք չի փոխվում: Ստացված դաստիարակությունը, շրջապատի ազդեցությունը մեծ փոփոխությունների երբեք չի հանգեցնում: Հնարավոր չի, որ մարդ 80-90 տոկոսով փոփոխվի: Իսկ եթե ցանկանում է փոխվել, ապա դա դառնում է խաղ` գիտակցված խաղ կյանքում:

Վարդան- Ես այժմ այն եմ, ինչ էի, որովհետեւ կարծում եմ, որ մարդու էությունը չի փոխվում: Իսկ ահա որպես մասնագետ` այժմ այն եմ, ով միշտ ուզում է լինել ավելին:

Տիգրան- Այժմ ես այն եմ, ինչ միշտ եղել եմ` միաժամանակ ինչ միշտ կլինեմ: Ներկան անցյալի եւ ապագայի մի մասնիկն է եւ ապահովում է անցյալի շարունակությունը դեպի ապագա: Ամբողջ կյանքի ընթացքը հավերժական ներկայի շարունակություն է: Իհարկե լինում են որոշակի փոփոխություններ, սակայն հիմնական արժեհամակարգը չի փոխվում:

«Բարկանում եմ, երբ… »

Վանիկ-Բարկանում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ: Ինձ երբեմն կարող է բարկացնել դերը, տվյալ պահի վիճակը` թեեւ ընդհանուր առմամբ կողքից նայողը չի նկատի իմ բարկությունը: Տղաներիս վրա եմ ներքուստ բարկանում, որ ինձ նման են, այդքան լուռ են: Կուզեի, որ այլ կերպ լինեին:

Վարդան- Բարկանում եմ, երբ ոչինչ տեղից չի շարժվում: Բարկանում եմ, երբ ես կամ իմ շրջապատը հայտնվում է ճահճի մեջ: Երբ գետի հունը բացվում է, այլեւս բարկացած չեմ:

Տիգրան- Ինձ բարկացնում է այն հանգամանքը, երբ մարդ չի ապրում իր կյանքն այնպես, ինչպես կապրեր իր վերջին օրը: Բարկանում եմ, երբ մարդը չի նվիրվում իր գործին, որեւէ բանի, որ անում է: Երբ թերարժեքության բարդույթով տառապելով` շարունակ երազում է անհասանելի բաների մասին եւ չի անում իր ձեռքի տակ եղած գործը: Ինձ թվում է, եթե ամեն մեկս անի իր գործը, այդ պարագայում երկիրը, կյանքը առաջընթաց կգրանցի:

«Անտարբեր եմ…»

Վանիկ- Ընդհանրապես անտարբեր չեմ, ինձ մոտ դա ստացվում է: Կարծում եմ անտարբեր է միայն չմտածող մարդը: Անտարբեր չպետք է քնել` թեեւ անտարբեր լինելը հեշտացնում է կյանքը:

Վարդան- Անտարբերությունը ընտանիքում, ապրելակերպում բացառված է: Մեզ մոտ լրիվ հակառակն է` մենք չափից ավելի ենք հետաքրքրված (ժպտում է):

Տիգրան- Ես անտարբեր եմ հակամշակութային երեւույթների նկատմամբ, որովհետեւ կարծում եմ, որ ավելորդ ուշադրությունն ավելի է խթանում դրա տարածումը: Դա մի տեսակ դառնում է անառողջ երեւույթների PR: Թեեւ նաեւ հասկանում եմ, որ հաճախ անտարբերությունը ծնում է նոր հանցանքներ: Մանկական տարիներին անտարբեր էի մաթեմատիկայի նկատմամբ` թեեւ սիրում էի ուսուցչուհուս (ժպտում է):

«Ցանկանում եմ փոխել…»

Վանիկ- Կփոխեի ժամանակաշրջանը, որում ապրում եմ: Ամեն օր աշխարհի տարբեր անկյուններից պատերազմների, ահաբեկչությունների մասին լուրեր են հասնում: Գուցե այն ժամանակ էլ էր նույնը, ուղղակի ինֆորմացիա չունեինք: Մի տեսակ մարդկանց մտածելակերպն է դարձել` հակառակ բանականության, արվեստի:

Վարդան- Կան բաներ, որ փորձում եմ փոխել ամեն օր: Անընդհատ երազում եմ ինչ-որ բան ավելի ու ավելի լավ անելու մասին: Եթե կարող եմ նայել ավելի առաջ, փորձում եմ անել դա:

Տիգրան- Ես իմ աշխատանքում եմ անընդհատ փորձում փոփոխություններ մտցնել: Ես փորձում եմ պահպանելով դրական արժեհամակարգը` բերել նոր մոտեցումներ: Այդ փոփոխություններն արմատական չեն, այլ միտված են հին լավի վրա նոր լավի ավելացմանը, եղածը պահպանելուն:

«Կվերադարձնեի …»

Վանիկ- Շատ կցանկանայի վերադարձնել մանկությունս, սակայն ոչ թե մանկական անհոգությունը, ազատությունը, այլ այն ժամանակաշրջանը, որը հնարավորություն կտար անելու այն ամենը, ինչի ժամանակը չեմ ունեցել, չեմ արել:

Վարդան- Կցանականայի վերադարձնել այն տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցեին այսօրվա եւ վաղվա անկախ Հայաստանի կայացման համար:

Տիգրան- Կցանականայի վերադարձնել մանկությունից երիտասարդություն անցման ժամանակաշրջանը, յուրատեսակ անհոգ տարիներ էին` անում էինք այն, ինչ ցանկանում էինք, շփվում էինք այն մարդկանց հետ, ում հետ ուզում էինք:

«Ափսոսում եմ, որ չհասցրի…»

Վանիկ- Ափսոսում եմ, որ չհասցրի ունենալ 12-13 երեխա: Շատ բան կա, որ ուզել եմ անել, բայց չեմ հասցրել` կապված դերերի կամ այլնի հետ: Բայց կյանքը դեռ շարունակվում է` անպայման կհասցնեմ (ժպտում է):

Վարդան- Այս դրությամբ չկա այդպիսի բան: Ամեն ինչ դեռ առջեւում է: Կարծում եմ այս հարցի շուրջ մտածելը ավելի շատ կխանգարի շատ բան հասցնելուն:

Տիգրան- Երբեք այդպիսի ափսոսանքի զգացողություն չեմ ունենում: Ելնելով դաստիարակությունիցս` անում եմ ամեն հնարավորը, ինչ պահն է թելադրում: Սակայն բնավորության գծերիցս մեկը հաճախ ստիպում է ափսոսել, որ միշտ ընդառաջում եմ, հնարավորության չափով միշտ արձագանքում եմ ու օգնում մարդկանց, որոնց գրեթե չեմ ճանաչում: Սակայն երբ այդ ամենը ադեկվատ պատասխան չի ստանում, ափսոսում եմ: Ափսոսում եմ նաեւ, որ այդ ամենը գիտակցելով` շարունակում եմ վարվել նույն կերպ:

«Նեղանում եմ, երբ…»

Վանիկ- Նեղանում եմ, երբ նեղացնում են: Երբ իրական պատկերը իմանալով` այլ բան են պնդում: Երբ նույն մարդն իրեն սկսում է տարբեր կերպ պահել` փողոցում եւ այլ միջավայրում:

Տղաները միակարծիք էին` երբեք կամ գրեթե երբեք չեն նեղանում:

«Հավատում եմ, որ… »

Վանիկ-Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու` մի օր եւ հավետ:

Վարդան-Հավատում եմ, որ մեր երկիրը դառնալու է ամենա-ամենան` ամենացանկալին բոլոր ազգերի ներկայացուցիչների համար: Երազում եմ այդ Հայաստանի գոյության մասին:

Տիգրան-Հավատում եմ, որ մի օր յուրաքնաչյուր ընտանիքում կլինի այնպիսի գիտակցություն, որ իրենց երեխան պետք է լինի լավը, ոչ թե` ամենալավը: Սա անառողջ մրցակցություն է մտցնում երեխայի հոգեբանությունում, ինչը հետագայում բացասական ազդեցություն է ունենում հասարակական դաշինքի, հասարակական համերաշխության կայացման համար: Արդարամիտ անհատից են կախված հասարակական բարքերը:

«Վախեր, կոմպլեքսներ…»

Վանիկ- Այն գիտակցությունը, որ տղա եմ ունենալու ինձ մոտ վախ չի առաջացրել: Վստահ եմ եղել, որ մենք շատ լավ լեզու ենք գտնելու միասին: Ես վստահ էի իմ շարունակության վրա:

Տղաները կրկին միակարծիք էին- Հոր հայտնի լինելը որեւէ կերպ չի խոչընդոտել կամ կոմպլեքսներ առաջացրել,այլ ընդհակառակը` դրական իմպուլսներ է փոխանցել: Մեզ ավելի է դուր գալիս հայրիկի մարդկային որակները, որ բոլորը նրան հարգում են, գնահատում:

«Հայրեր եւ որդիներ հակամարտություն` հօգուտ…»

Վանիկ- Մենք չենք հակամարտել: Ընդհակառակը մենք ընկերներ ենք դարձել, նրանք հաճախ իմ լավագույն խորհրդատուներն են:

Վարդան- Մենք չենք հակամարտել, որովհետեւ տարբեր ֆրոնտներում ենք կռվել ու չենք բախվել իրար (կատակում է): Կա մի հատկանիշ, որ միավորում է բոլորիս` ամեն ինչի նկատմամբ նվիրվածությունը` կապ չունի խոսքը գործի, մարկանց թե ուրիշ բանին է վերաբերում:

Տիգրան- Հայրիկից ժառանգել եմ իր մարդասիրությունը, ինչպես նաեւ աշխատասիրությունը այն աստիճանի, որ հաճախ մոռանում եմ ժամանակի գոյության մասին: Ժառանգել ենք նաեւ առաջացած խնդիրները լուծելու նկատմամբ խաղաղասիրական հակվածությանը:

«Մասնագիտական ընտրության հարցում ազդեցություն…»

Վանիկ- Կարծում եմ այդ հարցում որեւէ կերպ չեմ ազդել` ավելի ճիշտ միտում չեմ ունեցել ազդելու: Ես չեմ ձգտել երբեք դրան` թեեւ կամքից անկախ արվեստի նկատմամբ սիրո հարցում գուցե ունեցել եմ չկանխամտածված ազդեցություն:

Վարդան- Ես շատ լավ եմ հասկանում այն ժառանգներին, ովքեր շարունակում են իրենց ծնողների գործը, քանի որ ծնված օրվանից հոր օրինակը քո աչքի առջեւ է: Եվ հաճախ գենետիկորեն փոխանցված նախասիրությունները սկսում են ավելի արմատավորվել եւ ներկայանալ արդեն մասնագիտության տեսքով:

Տիգրան- Ես այն կարծիքին եմ, որ կյանքը մշտական կայացման ցիկլ է: Միշտ փորձել եմ պահպանել այն արժեքները, որոնք կարեւոր են եղել ինձ համար` սերը արվեստի նկատմամբ, որը ես փոխանցում եմ իմ 4-ամյա բալիկին: Թեեւ ես ընտրեցի դիվանագիտությունը, սակայն չեմ կարծում, որ շատ եմ հեռացել արվեստից: Չէ, որ քաղաքականությունը եւս արվեստ է, իսկ դիվանագիտությունը` դրա բարձրագույն դրսեւորումը: Դրան էլ ավելացրած կա մշակութային դիվանագիտություն հասկացությունը: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանն աշխարհին այժմ կարող է ներկայանալի լինել իր մշակույթով: Մենք չունենք գազ, նավթ. մեր հիմնական ռեսուրսը մշակութայինն է, ինչ-որ իմաստով նաեւ գիտականը:

Զրուցեց եւ փորձեց նմանություններ գտնել Արուսիկ Զախարյանը

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Հայերեն English

Պակիստանը հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ կնքված Մեքքայի համաձայնագրի ընդլայնումն օրակարգում չէ

«UCI Europe Tour»-ի միջազգային հեծանվավազքի «Tour of Armenia» մրցաշարի մեկնարկը տրվեց Գավառի կենտրոնական հրապարակից

PISA հետազոտությամբ արձանագրված գրեթե բոլոր խնդիրներն արդեն իսկ ամրագրված են կրթության ոլորտի պետական քաղաքականությամբ․ ԿԳՄՍՆ

Իսպանիայի ափերի մոտ հարյուրից ավել միգրանտ է փրկվել

Վրաստանում խոստացել են հետևել իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

Եվրոպայում 2026 թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. Copernicus

Տիկնիզյանի «Օլիմպիակոս»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում․ գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր