Ֆուտբոլ

«Շախտյոր»-ը հաղթեց Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակչում. Հենրիխ Մխիթարյանը չիրացրեց 11 մետրանոցը

2 րոպեի ընթերցում

«Շախտյոր»-ը հաղթեց Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակչում. Հենրիխ Մխիթարյանը չիրացրեց 11 մետրանոցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակչում Դոնեցկի «Շախտյոր»-ն արտագնա խաղում հաղթեց «Գովերլա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, չնայած նրան, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չիրացրեց 11 մետրանոց հարվածը, «հանքափորներին» հաջողվեց առավելության հասնել 4-1 հաշվով:Խաղից հետո Մխիթարյանը հարցազրույց է տվել «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին:

-Հենրիխ, «Շախտյոր»-ը կարծես տարբեր խաղեր էր ցույց տալիս երկու խաղակեսերում: Ի՞նչն է պատճառը:

-Կասեմ, որ առաջին խաղակեսում մեր խաղն ինչ-որ կերպ չէր ստացվում, քանի որ դանդաղում էինք, չէինք կարողանում ազատ տարածություններ գտնել։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ ավելի այլ ընթացք ունեցավ, մենք սկսեցինք լավ խաղալ։ Արագ էինք գործում, հակառակորդի դարպասների մոտ վտանգավոր պահեր ստեղծելու ավելի շատ հնարավորություն ունեինք։

-Մրցակցի այսպիսի մեկնարկն անսպասելի՞ էր Ձեզ համար:

-«Գովերլան» շատ լավ խաղաց։ Կարծում եմ` նրանք դիտել էին մեր խաղերը։ Ընդմիջումից հետո մրցակիցն սկսեց ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ, գուցե պատճառն այն էր, որ խաղում էին սեփական հարկի տակ, բայց մենք օգտվեցինք այդ հանգամանքից և հրաշալի պահեր ստեղծեցինք։

-Ի՞նչ կասես այն մասին, որ որոշ ֆուտբոլիստներ պնդում էին, թե մարզադաշտի խոտածածքը լավը չէր:

-Մենք չպետք է մտածենք խոտածածկի մասին։ Պարզ է, որ վատ խոտածածկի վրա դժվար է լավ խաղ ցուցադրել։ Սակայն մենք խաղացինք մեր ֆուտբոլը եւ ցուցադրեցինք իսկական մեր խաղը: Այլ գործոններ մեզ չպետք է խանգարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում