Շոու բիզնես

Ռուսական էստրադան նվաճած երգչուհի Սոնան կարոտում է բարի Երեւանը

3 րոպեի ընթերցում

Ռուսական էստրադան նվաճած երգչուհի Սոնան կարոտում է բարի Երեւանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Սոնան (Սոնա Սարգսյանը) 2013 թվականին ծրագրում է մենահամերգով հանդես գալ Հայաստանում: Այժմ երգչուհին ներգրավված է աշխարհահռչակ The Voice երաժշտական նախագծի հայկական «Հայաստանի ձայնը» նախագծում որպես մարզիչ:

«Այնքանով որքանով հասցնում եմ հետեւել հայաստանյան երգարվեստին, այս նախագիծը իսկապես շատ կարեւոր է: Հիմա ավելի քան երջանիկ եմ, որ այս նախագիծը Հայաստանում է, այն շատ մեծ վարկանիշ ունի ռուսական «ORT» հեռուստաընկերությամբ եւ հույս ունեմ, որ այստեղ էլ այդպես կլինի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոնան: Նրա խոսքով` նախագծի գլխավոր սկզբունքը մասնակցին առանց տեսնելու, միայն ձայնի միջոցով գնահատելն է, ինչը թեեւ անսովոր է, բայց եւ անչափ հետաքրքրական:

Երգչուհին նշեց, որ նախքան 2013 թվականին կայանալիք մենահամերգը մեկնարկել են նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները:«Ես շատ եմ կարոտում իմ բարի Երեւանը, որովհետեւ այստեղ եմ ապրել մինչ 17 տարեկանը, եւ որոշակի` թե գլոբալ, թե փոքր նախագծերում եմ հանդես եկել: Երբ կարճ ժամանակաով մեկնում եմ, կարոտում եմ նաեւ այստեղի մարդկանց պրոֆեսիոնալիզմը, բարի միջավայրը նաեւ երաժշտության առումով»,- ասաց երգչուհին: Նա նաեւ հավելեց, որ թե «Հայաստանի ձայնը» նախագծում, թե առհասարակ կյանքում ապավինում է իր ներքին ձայնին եւ կանխազգացմանը:Նա չի բացառում առաջիկայում իր երգացանկում ընդգրկել հայկական երգեր:

«Հայերեն կատարելու փորձ ունեցա «Երեւան-Մոսկվա տրանզիտ» նախագծում` դուետներ ունենալով Սերգեյ Պենկինի եւ Սոսո Պավլիաշվիլիի հետ: Չնայած նրան, որ ունեմ ինձ բնորոշ կատարողական ոճ` երեւի պետք է մի քիչ տարիքով մեծանայի եւ զգայի, որ պատրաստ եմ, երգել հայերեն եւ հանդիսատեսը պատրաստ է ինձ հավատալ»,- ավելացրեց երգչուհին:

Սոնան էթնոեվրոփոփ ոճի երգչուհի է: Նա 1991 թվականին մասնակցել է մոսկովյան «Утренняя Звезда» մրցույթին` անցնելով եզրափակիչ փուլ: Միաժամանակ թողարկել է իր առաջին «Սոնա» ալբոմը Իսպանիայում` նկարահանելով երկու տեսահոլովակ` Back to the ancient World եւ Stay with me ստեղծագործությունների հիման վրա:1997 թվականին Սոնան նոր շունչ է տալիս Կոնստանդին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, երբ գեղարվեստական ղեկավար է դառնում Արմեն Մարտիրոսյանը, իսկ Սոնան հանդես է գալիս որպես մենակատար:2005 թվականին երգչուհին վերադառնում է ռուսական էստրադա: Նրա երգացանկում ընդգրկված հանրահայտ հիթերից են «Все пройдет» եւ «Сердце плачет» երգերը: 1996 թվականին երգչուհու դեբյուտն էր կինոյում, երբ նա նկարահանվեց Միքայել Դովլաթյանի «Մեր բակը» եւ « Մեր բակը 2» ֆիլմերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում