Կարծիքներ

ԼՂՀ ճանաչման համար աշխարհում նպաստավոր պայմաններ են ստեղծվում. Կարեն Բեքարյան

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ ճանաչման համար աշխարհում նպաստավոր պայմաններ են ստեղծվում. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ընթացող վերջին զարգացումները բարենպաստ պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման համար: Հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` նշելով, որ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Բելգիայում և աշխարհի այլ մասերում վերջին շրջանում նկատվող անկախական ձգտումները` քաղաքակիրթ մոտեցումների են արժանանում այդ երկրների իշխանությունների կողմից: «Աշխարհն իր օրինակով ցույց է տալիս, որ ուժի միջոցով խնդիրների լուծումն անցյալում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բեքարյանը:

Քաղաքագետի խոսքով` մի շարք ազդեցիկ երկրների կողմից սեփական տարածքում տեղի ունեցող ինքնորոշման ձգտումներին ագրեսիվ չվերաբերվելը` զսպիչ գործոն կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հարցում այդ երկրների ունեցած դիրքորոշման վրա:

Բեքարյանը համոզված է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ վերջին զորավարժությունները, բացի ռազմական իմաստներից, իրենց մեջ որոշակի քաղաքական ուղերձ էին պարունակում: «Որքան էլ մեր գործընկերների առումով բարձր լինի մեր վստահությունը, այնուհանդերձ, մենք հույսը պետք է դնենք ինքներս մեզ վրա»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով «սաֆարովյան» դեպքին հաջորդած իրավիճակին` Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանի հույսերը չարդարացան, և Հայաստանը դուրս չեկավ բանակցային գործընթացից: «Հայաստանի ասելիքը շատացել է, որի բոլոր հիմքերն Ադրբեջանը սկուտեղի վրա մատուցել է»,- ընդգծեց քաղաքագետը` հավելելով, որ Սաֆարովի դեպքով պայմանավորված` Հայաստանը պետք է բանակցային գործընթացում ունենա դիրքորոշման կոշտացում: «Սաֆարովի ազատ արձակումը,Ադրբեջանում գալիք նախագահական ընտրությունների համատեքստում, փորձ էր ծայրահեղ ազգայնական դրսևորումները կապել ընտրություններում Ալիևի կլանի հաջողության հասնելու ձգտումների հետ»,-ընդգծեց Կարեն Բեքարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում