Սիրիահայության մեծամասնությունը չի պատրաստվում լքել Սիրիան
2 րոպեի ընթերցում
![Սիրիահայության մեծամասնությունը չի պատրաստվում լքել Սիրիան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/10/697326.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ընդդիմություն գոյություն չունի. առկա է հակապետական դավադրական շարժում, որի մասնակիցները տարբեր երկրներից են և ոչ տեղի քաղաքացիներ: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հոկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսում` հիշեցնելով, որ հոկտեմբերի 19-ին երկրի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է նման 150 ապստամբների անուններ:
Նա կարեւոր համարեց, որ Սիրիայի իշխանական ուժերը թույլ են տվել քրիստոնյա հայ համայնքին ինքնապաշտպանական պահակախմբեր ունենալ: Սերգեյ Շաքարյանցի խոսքով` հայկական պահակախմբերը բնակչությանը պաշտպանելուց բացի իրենց ուշադրությունը սևեռելու են հատկապես եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների վրա: «Հայերը չպետք է կորցնեն իրենց համարձակությունը Սիրիայում: Նրանք պետք է շարունակեն միասնական լինել և պաշտպանել իրենց հողերն ու ունեցվածքը»,- պնդում է քաղաքագետը:Չնայած պատերազմական գործողությունների հետևանքով շարունակվում են հայեր սպանվել` սիրիահայության մեծամասնությունը չի պատրասվում լքել իր տարածքները:
Պաշտոնական տվյալների համաձայն` արդեն 18 ամիս շարունակվող բախումների արդյունքում Սիրիայում մոտ 40 հայ է զոհվել:Հայաստանում կացարան ստանալու խնդրանքով միգրացիոն ծառայության է դիմել սիրիահայերի շուրջ 41 ընտանիք, որից 27-ն արդեն ստացել է ժամանակավոր կացարան: Հոկտեմբերի 9-ից շահագործման է հանձնվել սիրիահայ երեխաների համար նախատեսված «Կիլիկիա» վարժարանը: