Սիրիայի կայունությունը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերից. քաղաքագետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե ռուսական ազդեցությունը Սիրիայում չթուլանա, ապա նախագահ Բաշար ալ Ասադը պատվով դուրս կգա ստեղծված իրավիճակից: Ինչպես հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` Սիրիայի հարցում Ռուսաստանի և Հայաստանի շահերը համընկնում են գրեթե հարյուր տոկոսով: «Կայունությունը Սիրիայում բխում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերից, որովհետև հակառակ դեպքում` նշանակում է թուրքական գործոնի ուժեղացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Շիրինյանը: Քաղաքագետը նշեց, որ թուրքական գործոնի ուժեղացումը բերելու է նաև ադրբեջանական գործոնի ակտիվացմանը:
Շիրինյանի համոզմամբ` Ասադն իր ճկունության շնորհիվ հավակնում է դառնալ արաբական աշխարհի առաջնորդներից մեկը: «Արևմուտքը, որոշ առումով, Սիրիայում ձախողվեց, Ասադի իշխանությունը չընկավ»,- ընդգծեց Շիրինյանը: Քաղաքագետի խոսքով` Սիրիայում ձախողվում է նաև իսրայելական ռազմավարությունը, ըստ որի` Իսրայելի շուրջ չպետք է ուժեղ պետություն լինի:
Քաղաքագետ Հարություն Մեսրոպյանի խոսքով` արաբական և թուրքական աշխարհների հարաբերությունները երբեք քաղցր չեն եղել և այժմ Թուրքիան սրում է Սիրիայի հետ իր հարաբերությունները, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում և դառնա գերտերություն: «Այսպիսով Թուրքիան փորձում է գերազանցել Իրանի ազդեցությունը:Նա ձգտում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելով` հետ բերել Օսմանյան կայսրության ժամանակ իր ունեցածը,- ընդգծեց Մեսրոպյանը:
Ինչ վերաբերում է արաբական աշխարհում հայերի ներկայությանը, ապա Մեսրոպյանի խոսքով` լիբանանահայության թիվը մի քանի անգամ կրճատվել է, կրճատվում է նաև սիրիահայության թիվը: «Սիրիայի շուրջ իրավիճակը բերում է հայաթափության ոչ միայն Սիրիայում, այլ նաև ամբողջ Մերձավոր Արևելքում»,-ասաց քաղաքագետը: