«Շախտյոր»-ը վերելք է ապրում եւ հարկավոր է նույն տեմպով շարունակել. Հենրիխ Մխիթարյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Չեմպիոնների լիգա»-ի «Չելսի»-ի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել «հանքափորների» պաշտոնական կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
«Չելսի»-ն հրաշալի ակումբ է, բայց փառք Աստծո մենք կարողացանք արագ գոլ խփել: Դրանից հետո ավելի հեշտ էր խաղալ: «Չելսի»-ի մոտ ազատ գոտիներ էին հայտնվում, և մենք կարողանում էինք գոլային պահեր ստեղծել: Կարևորը` հաղթեցինք:
- Շատ էիք աշխատում եւ վազում:
- Այո: Սա Ուկրաինայի առաջնությունը չէ: Չեմպիոնների լիգայում պետք է ավելի արագ տեղաշարժվել: Այստեղ թույլ մրցակիցներ չկան: Բոլորն էլ շատ ուժեղ են: Պետք է հասկանալ, թե ինչպես պետք է պաշտպանվել, ինչպես գրոհել: Հասկանում էինք, որ հեշտ չի լինելու, բայց անում էինք ամեն հնարավորը` հաղթելու համար:
- Կարող ենք ասել, որ խուսափո՞ւմ էիք «Չելսի»-ից:
- Չէի ասի: «Շախտյոր»-ը հիմա վերելք է ապրում և պետք է շարունակել նույն տեմպով: Դեռ ոչինչ ավարտված չէ, եւ մենք պետք է շատ ու երկար աշխատանք տանենք:
- Երբ գնդակ ընդունեցիք` վախ չառաջացա՞վ, որ կարող եք ձեռքից բաց թողնել հաղթանակը:
- Ոչ: Մենք լավ էինք խաղում ամբողջ հանդիպման ընթացքում, հանգիստ ու հավասարակշռված:
- 15 հարված կատարեցիք դեպի Պետեր Չեխի պաշտպանած դարպասը: Ֆանտաստիկ արդյունք է: Սակայն հարց է ծագում, թե ինչպե՞ս գրավել նրա դարպասը:
- Բայց չէ որ «Շախտյոր»-ը երկու գոլ խփեց (ժպտում է): Կարող էինք և ավելին խփել, սակայն սա ֆուտբոլ է եւ հնարավոր չէ իրացնել բոլոր պահերը: