Կարծիքներ

Տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է հայկական զինված ուժերի շնորհիվ. Մելիք-Շահնազարյան

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է հայկական զինված ուժերի շնորհիվ. Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային սպասվող վերաձևումների համատեքստում կարևոր է Հայաստանի քաղաքական ակտիվությունը և հայկական բանակի հզորության աճը: Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիրքորոշում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Տարածաշրջանը գտնվում է կարդինալ վերափոխումների նախաշեմին, և այդ ընթացքում գլխավոր խնդիրը, որը պետք է ապահովի հայկական կողմը, նախևառաջ քաղաքական մասնակցությունն է` հնարավորինս նախաձեռնողականությամբ և երկրորդ` ռազմական պատրաստակամությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը համոզված է. «տարածաշրջանում խաղաղությունը պահպանվում է հայկական զինված ուժերի շնորհիվ»: «Տարածաշրջանում ռեալ քաղաքականությունը թելադրում է հայկական բանակը»,-նշեց Մելիք-Շահնազարյանը` միաժամանակ ընդգծելով, որ պատերազմի վերսկսման հավանականություն չի տեսնում:

Նրա համոզմամբ` ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը փոխել է շեշտադրումն այն մասին, որ Արցախը երբեւէ կարող է լինել Ադրբեջանի կազմում: «Բանակցային գործընթացում Սաֆարովի արտահանձնումը պետք է դառնա նոր ելակետ»,- ընդգծեց Շահնազարյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը կվերարտադրվի, քանի որ ադրբեջանական հասարակական տրամադրությունները շատ հեշտ կառավարելի են: «Սաֆարովի հեղինակության աճն Ադրբեջանում նպաստեց ադրբեջանական իշխանությունների հեղինակության աճին»,- եզրակացրեց քաղաքագետը:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին ադրբեջանցի ոճրագործը կացնահարել էր քնած ժամանակ` 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում:Ցմահ դատապարտված Սաֆարովին Հունգարիայի իշխանություններն արտահանձնեցին Ադրբեջան, որից հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան մայորի կոչում շնորհեցին, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում