Կարծիքներ

Թուրքիան ցանկանում է ոչնչացնել Սիրիային՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկանում է ոչնչացնել Սիրիային՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի. Ռուբեն Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիային ձեռնտու է, որ Սիրիան՝ որպես աշխարհաքաղաքական գործոն, դադարի գոյություն ունենալ, իսկ դրան հնարավոր է հասնել միայն արտաքին միջամտությամբ՝ զինված ջոկատների, զենքի, զինամթերքի միջոցով: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱ ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:«Ինչպես ցույց են տալիս վերջին դեպքերը, դրան հնարավոր է հասնել ռազմական արտաքին ագրեսիայի միջոցով: Փաստորեն, Թուրքիան այստեղ լուծում է նաև քաղաքական խնդիր, քանզի Թուրքիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված են քրդերը, որոնք վերջին մի քանի ամիսների ընթացքում սկսել են բավականին լուրջ հետապնդել ինքնավարության գուցե և անկախության միտումներ: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան իր սահմանների՝ Սիրիայի և Իրաքի հատվածում քրդական պետության իրականությանը կբախվի»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: Երրորդ խնդիրը դուրս է գալիս թուրք-սիրիական հարաբերություններից՝ վերաբերելով Թուրքիայի քաղաքականությանն ընդհանարպես: Նման ագրեսիայով Թուրքիան լուծում է ոչ միայն իր, այլ նաև Արևմուտքի ու ԱՄՆ-ի խնդիրը, քանզի նրանք էլ գիտեն, որ առանց արտաքին ուժի հնարավոր չէ ազատվել Բաշար Ասադից, ուստի Թուրքիան հանդիսանում է դա անող արտաքին ուժը:

Այս առումով մտահոգիչ է Սիրիայի հայության վիճակը եւ այն, թե ինչ վտանգներով է լեցուն Թուրքիայի այս գործողությունը: Սաֆրաստյանիխոսքով՝ սիրիահայությունը և հատկապես հալեպահայությունը Ցեղասպանություն վերապրած հայության սերունդ են, և Թուրքիան այս գործողությունների շրջանակներում հայությանը վնասելու ակնհայտ միտում ունի:

Սիրիայում տեղի ունեցող բախումներն իշխանական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ ավելի քան 30 հազար մարդու կյանք են խլել: Սիրիական կառավարությունը մեղադրում է Թուրքիային ապստամբերին զինելու գործում: Երկու երկրների միջեւ իրադրությունը սրվեց, երբ

Հոկտեմբերի 3-ինՍիրիայի` Թուրքիայի հետ սահմանակից Ռաքքա քաղաքին կից Թել Աբյադ անցակետը գրոհայիններից մաքրելու նպատակով անցկացվող գործողությունների ժամանակ` Սիրիայի անվտանգության ուժերի արձակված արկը թյուրիցամաբար ընկել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Աքչաքալա գյուղի մի տան վրա: Արկի պայթյունից զոհվել էին տանտիրուհին եւ նրա չորս զավակները, եւս 9-ը մարդ վիրավորվել էին:Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան ալ Զաբին պաշտոնապես ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին եւ թուրք ժողովրդին:

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից Սիրիայում թուրքական զինված ուժերին անդրսահմանային ռազմական գործողություններ թույլատրող որոշում ընդունվեց, որից հետո այդ երկրի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարեց, թե «դա Սիրիայի դեմ պատերազմ հայտարարել չի նշանակում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում