ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական էստրադայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Անաստասիա Ստոցկայան, թաքցնում է իր ամուսնու ով լինելը զանգվածային լրատվական միջոցներից, սակայն մի շարք հետաքրքիր մանրամասներ է պատմել իր ընտանեկան կյանքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական «Комсомольскaя правдa»-ն, մոտ մեկ տարի առաջ Ստոցկայան մայր է դարձել, եւ միայն հիմա է ցանկացել կիսվել իր ներկա կյանքի մասին դրվագներով:
Օրեր առաջ երգչուհին նշել է իր 30-ամյա հոբելյանը ռեստորանում, ուր հրավիրված էին միայն ամենամտերիմները:
«Այս ծնննդյան տարեդարձը ես տոնում եմ նոր որակով, քանի որ մեկ տարի առաջ մայր եմ դարձել, եւ այժմ ինձ իսկական կին եմ զգում»,- ասել է Ստոցկայան: Նրա խոսքով` մայրությունը հրաշալի զգացողություն է:
Վեց ամսեկան երեխայի հոր մասին շատ բան հայտնի չէ. միայն այն, որ նրա անունը Սերգեյ է եւ որ նա Մոսկվայում իտալական ռեստորանի սեփականատեր է: Համաձայն շրջանառվող լուրերի` կես տարվա ծանոթությունից հետո երգչուհու ապագա ամուսինը ադամանդե մատանի է նվիրել նրան` խնդրելով ձեռքը:
«Ամուսինս դեմ է, որ ես հրապարակավ ինչ-որ բան պատմեմ իր մասին: Նա ստեղծագործող մարդ չէ, գործարար է»,- պատմել է երգչուհին: Նաեւ հավելել, որ իրենց ծանոթացրել են համատեղ ընկերները: Ծանոթությանը հաջորդել է Դուբայում սկսված սիրավեպը:
«Նա ազգությամբ հայ է, իսկ կովկասյան տղամարդիկ կարողանում են գեղեցիկ հոգ տանել կանանց մասին, նա դա անում է ուղղակի հեքիաթային կերպով: Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է նա վերաբերում իր ծնողներին, կանանց, մայրիկին»,- անկեղծացել է երգչուհին:
Երգչուհին մեծ սիրով խոսել է նաեւ իր իմիջի մասին, ընդգծել, որ ցանկություն չունի իր արտաքինում որեւէ բան փոփոխել: