Հարցազրույց

Միթ Ռոմնիին աջակցող ամերիկահայերը նրանից հայկական հարցերի հանգուցալուծում են ակնկալում

6 րոպեի ընթերցում

Միթ Ռոմնիին աջակցող ամերիկահայերը նրանից հայկական հարցերի հանգուցալուծում են ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Armenian-Americans for Mitt Romney» կոալիցիան աշխատանքներ է տանում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում սատարելու ուղղությամբ եւ նրանից ակնկալում է հայկական հարցերի լուծման գործում աջակցություն ստանալ: Այս ամենի շուրջ իր մեկնաբանությունն է արել «Armenian-Americans for Mitt Romney» կոալիցիայի աշխատանքները համակարգող Դանիել Քուշաքջյանը: ԱՄՆ նախագահի թեկնածուների հետ ակնկալվող հանդիպումների եւ նրանց հետ հայկական հարցերը քննարկելու շուրջ «Արմենպրես»-ըհարցազրույց է ունեցել կոալիցիայի աշխատանքները համակարգող Դանիել Քուշաքջյանի հետ:

-Հայ համայնքը ցանկություն էր հայտնել հանդիպել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի եւ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի հետ: Արդյո՞ք արձագանք կա այդ հանդիպման վերաբերյալ:

-Չնայած ամերիկահայ համայնքի ղեկավարների բազմաթիվ հարցումների եւ դիմումների, որոնց մեջ են Ամերիկայի հայկական համագումարը, Հայ դատի հանձնախումբը եւ ՀԲԸՄ-ն, նախագահ Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեռ չեն հանդիպել նրանց հետ: Եվ չնայած ամերիկահայ համայնքի որոշ անդամներ քարոզարշավների ընթացքում հանդիպել են նահանգապետ Ռոմնիի հետ, այդուհանդերձ, նրա հետ հանդիպելու պաշտոնական դիմում համայնքի առաջնորդներին դեռեւս չի ներկայացվել: Եվ «Ամերիկահայերը Ռոմնիի համար» կոալիցիան, եւ ԱՄՆ հայ դատի հանձնախումբը հայկական հարցերի շուրջ Ռոմնիից մեկնաբանություններ են պահանջել:

-Ի՞նչ ակնկալիքներ ունի հայ համայնքը Բարաք Օբամայից եւ Միթ Ռոմնիից: Ո՞ր թեկնածուին են առավել վստահում հայերը:

-Ինչպես բոլոր ամերիկացիները, մենք եւս մեր ընտրած պաշտոնյաներից պահանջում ենք ազնվություն, արժանապատվություն եւ կարողություն` այսինքն ավելին կարողանալու ձիրք: Երբ խոսքը վերաբերում է հայկական հարցերին, ապա նախագահ Օբաման մոռանում է կատարել իր նախընտրական խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կասկածի տակ է դնում նրա ազնվությունը: Ադրբեջանում Մեթյու Բրայզային ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակելը, որին դեմ էին անգամ սեփական կուսակցության սենատորները, հարցականի տակ է դնում առաջնորդ լինելու նրա կարողությունը: Իսկ թուրքական կառավարության կողմից հայկական քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումների եւ բռնագրավումների, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Հին Ջուղայում հայակական խաչքարերի ոչնչացումների շուրջ նախագահ Օբամայի լռությունը հարցականի տակ է դնում նրա արժեքները եւ արժանապատվությունը:

Բազմաթիվ ամերիկահայերի հետ ունեցած քննարկումների արդյունքում պարզվել է, որ շատեր հիասթափված են նրանից եւ հակված են Ռոմնիի թեկնածության սատարմանը: Սակայն, հայկական հարցերի շուրջ Միթ Ռոմնիի քարոզարշավում պաշտոնական մեկնաբանությունների բացակայության դեպքում դժվար կլինի ամբողջապես հակված լինել նրա ընտրությանը եւ հայ ընտրողի քվեն նրան տալ:

-Ի՞նչ ակնկալիքներ ուներ հայ համայնքը Բարաք Օբամայից, որ չի ստացել:

-Հայոց ցեղասպանությունը` որպես նախագահ ճանաչելու նրա նախընտրական խոստումը, հայ-թուրքական սահմանի բացումը, միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցը, ինչպես նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության պահպանումը:

-Արդյո՞ք Ներկայացուցիչների պալատում ակնկալվում էՀայոց ցեղասպանության ճանաչման աջակիցների թվի ավելացում:

-Դա հայտնի կլինի միայն եւ միայն ընտրություններից հետո: Ինչպես գիտենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն ունի 136 անդամ, մինչ թուրքական հարցերով խմբի անդամների թիվը հասնում է 150-ի: Սակայն ակնկալվում է, որ երկու կողմերն էլ կկորցնեն մոտավորապես տասը անդամներ: Հունվար ամսվա վերլուծության համաձայն` հայկական հարցերով խումբը կկորցնի ինն անդամ, իսկ թուրքական կողմը` յոթ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ նախագահի թեկնածուներից Ցեղասպանության ճանաչման հարցում, հատկապես Միթ Ռոմնիից, ում սատարում եք:

-Ամերիկահայերն ակնկալում են, որ ԱՄՆ-ի նախագահը կստիպի Թուրքիայի կառավարությանը` դադարեցնելու Հայաստանի շրջափակումը, ամերիկահայերն ակնակալում են ԱՄՆ նախագահից, որ նա կհավաստի, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ըմբռնումով է մոտենում մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ Հայոց ցեղասպանության հարցերին: Մենք նաեւ ակնկալում ենք, որ նախագահն աշխատանքներ կտանի Թուրքիայում Ցեղասպանության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Ամերիկահայերն ակնկալում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում` հիմնված ժողովրդավարության եւ ժողովրդի ինքնորոշման սկզբունքների վրա: Նաեւ ակնկալվում է սոցիալական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սերտ համագործակցություն:

-Ի՞նչ հարցեր են բարձրացվելու եւ' Օբամայի, եւ' Ռոմնիի հետ ակնկալվող հանդիպումների ժամանակ:

-Մենք սպասում ենք հնարավորությանը` վերը նշված հարցերը քննարկելունոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունների հաղթողի հետ:

Հարցազրույցը` Մերի Խալաթյանի

Լուսանկարում` աջից Դանիել Քուշաքջյանն է`ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայանի հետ

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում