Հաղթանակի համար մեզ միայն կարգապահություն է հարկավոր. Արթուր Սարկիսով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արթուր Սարկիսովը Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ մեր ընտրանու անցկացրած առաջին մարզման ժամանակ թեթեւ վնասվածք ստացավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հետմարզումային հանդիպման ժամանակ Սարկիսովը հավաստիացրեց, որ ինքն իրեն լավ է զգում եւ պատրաստ է Իտալիայի հետ խաղին.
-Բնութագրեք խնդրում եմ ձեր մարզավիճակը:
-Ամեն ինչ կարգին է, մարզման ընթացքում ստացած թեթեւ հարվածը վնասվածք չէր, կարծում եմ վաղն արդեն ամեն ինչ կկարգավորվի:
-Ինչպե՞ս եք գնահատում մրցակցին:
-Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ Իտալիան աշխարհի լավագույն հավաքականներից է եւ հանդիպմանը լրջորեն ենք նախապատրաստվում: Կարող եմ ասել, որ պատրաստ ենք 100 տոկոսով: Իսկ հաղթանակի համար մեզ միայն կարգապահություն է հարկավոր:
-Ինչպե՞ս եք գնահատում հաղթանակի մեր հնարավորությունները:
-Հաղթելու հնարավություն միշտ էլ կա: Շատ հաճախ հանդիպման ֆավորիտները պարտվում են, իսկ մենք խաղադաշտ դուրս կգանք հաղթելու ձգտումով:
-Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է ազդել Ղազարյանի եւ Մարկոսի բացակայությունը մեր խաղի որակի վրա:
-Իհարկե, նրանց տեղը կզգացվի: Թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխարինել նրանց:
-Մրցակից թիմի անդամներից, ո՞ւմ կարելի է հատուկ ուշադրություն դարձնել:
-Թիմի բոլոր անդամներին եւ, ընդհանրապես, բոլոր թիմերին միշտ պետք է ուշադրության կենտրոնում պահել: Պետք է միայն խաղադաշտ դուրս գանք կենտրոնացած եւ ամբողջովին պատրաստ: Բոլորն էլ յուրօրինակ ֆուտբոլիստներ են սխալ կլիներ ինչ որ մեկին առանձնացնելը: