Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության սեպտեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ինչպես փոխանցմում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով soccer.ru կայքը, «Команда» թերթի հարցման արդյունքում Մխիթարյանը հավաքել է 19 միավոր: Երկրորդ տեղում կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյակն է «Դնեպր»-ից` յոթ միավորով: Երրորդ եւ չորրորդ տեղերը կիսում են «Շախտյոր»-ի մել այլ ֆուտբոլիստ Ալեքսանդր Կուչերը եւ Ռուսլան Ռոտանը «Դնեպր»-ից, ովքեր ունեն վեցական միավորը:
Մխիթարյանն արդեն երկրորդ անգամ է ճանաչվում Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հայ կիսապաշտպանը լավագույնն էր նաեւ օգոստոս ամսին:
Մխիթարյանն իր կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում: Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է երեք ու կես տարի` խաղալով 89 խաղ եւ խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում Մխիթարյանը երեք անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի «Ոսկե մեդալակիր», մեկ անգամ արժանացել է Հայաստանի Անկախության Գավաթին և երկու անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:
«Փյունիկ»-ում և Ազգային հավաքականում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը 2009 թվականին արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին: 2009 թվականի հունիսին նա երեք տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, իսկ արդեն 2010 թվականի օգոստոսի 30-ին հինգ տարվա պայմանագիր կնքեց Դոնեցկի «Շախտյորի» հետ: Վերջինիս կազմում Մխիթարյանը հասցրել է դառնալ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր: