4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիայի խաղից առաջ մեր հավաքականը լուրջ կորուստներ ունի. հարձակման գծում չկան Մարկոսն ու Գեւորգ Ղազարյանը, իսկ պաշտպանական թեւից պակասում են Սարգիս Հովսեփյանն ու Լեւոն Հայրապետյանը: Այս մասին, ինչպես նաեւ Եվրոպայի փոխչեմպիոնի հե առաջիկա խաղից առաջ «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ եւ «Փյունիկ»-ի ավագ Դավիթ Մանոյանի հետ:
-Փորձաշրջան անցնելով «Մետալուրգ»-ում, հետո «Կուբան»-ում, հիմա կրկին վերադարձել եք «Փյունիկ»: Ի՞նչն է պատճառը:
-Պատճառն այն էր, որ չէի խաղում: «Կուբան»-ի նորանշանակ մարզիչը ծանոթ չէր իմ խաղին: Հիմնականում մնում էի պահեստայինների նստարանին: Նախընտրեցի վերադառնալ «Փյունիկ» եւ խաղալ այստեղ, քան մնալ այնտեղ եւ սպասել: Հիմա արդեն ամեն ինչ կարգին է. խաղային պրակտիկաս կրկին վերականգնել եմ:
-Ինչպե՞ս է տրամադրվածությունդ Իտալիայի հետ խաղից առաջ: Ինչպիսի՞ մրցակից է քեզ համար Եվրոպայի փոխչեմպիոնը:
-Դեռ ինձ չեմ տրամադրել Իտալիայի հետ սպասվելիք խաղին: «Փյունիկ»-ն ամսի 5-ին խաղ ունի եւ ավելի շատ մտածում եմ այդ մասին: Իսկ ինչ վերաբերում է Իտալիայի` Եվրոպայի փոխչեմպիոն լինելուն, ապա ինձ համար Իտալիան մյուսներից տարբերվում է միայն անունով: Իմ կարծիքով ավելի դժվար մրցակիցներ են Դանիան եւ Չեխիան, քան Իտալիան: Չնայած նրան, որ իտալացիներն ավելի փորձառու են, բայց թե Դանիան, եւ թե Չեխիան ավելի արագ եւ երիտասարդ են: Սակայն մեզ համար Իտալիայի հետ խաղը հեշտ չի լինելու` ամենադժվարներից մեկն է լինելու ամբողջ մրցաշրջանում:
-Չե՞ք կարծում, որ ազգային հավաքականի համար բարդ հանդիպումն է լինելու, առանց մի շարք առաջատարների:
-Մալթայի հետ խաղում չկար Գեւորգը Ղազարյանը, եւ նրա բացակայությունը կարելի է ինչ-որ կերպ պատկերացնել: Բայց պահեստայինների նստարանին ունենք Արթուր Սարկիսով, ով, կարծում եմ, արժանի կերպով կփոխարինի Ղազարյանին: Եղածը եղած է: Ամեն ինչ մոռանալ եւ պատրաստվել է պետք առաջիկա խաղին, հիմնական խնդիրը այն է, որ պետք մտածենք թե ինչպես չեզոքացնենք հակառակորդի կազմում այդ դիրքերում խաղացող ֆուտբոլիստներին:
-Սարգիս Հովսեփյանի մեծ ֆուտբոլը լքելու որոշումից հետո, սա առաջին հանդիպումն է: Ինչպիսի՞նն ես դու տեսնում պաշտպանական թեւը:
-Հովսեփյանից բացի, չկա նաեւ Լեւոն Հայրապետյանը, ինչը մեր գործը ավելի է բարդացնում: Վստահ եմ, որ Վարդան Մինասյանը կգտնի այդ հարցի լուծումը: Հովսեփյանին կարող է արժանիորեն փոխարինել Կամո Հովհաննիսյանը, ով ներկա պահին հրաշալի մարզավիճակում է: Չի կարելի մոռանալ նաեւ հավաքականի նորեկ Ալեքսին. նա թեպետ նորեկ է, բայց այդ դիրքում խաղացել է: Նույն տեղում կարող է խաղալ եւ փորձառու է նաեւ Վալերի Ալեքսանյանը:
-Ինչպե՞ս կգնահատեք «Փյունիկ»-ի խաղը ընթացիկ խաղաշրջանում:
-Սերնդափոխությունը, բնականաբար, իր ազգեցությունը ունեցավ «Փյունիկ»-ի խաղային որակների վրա: Ներկայիս արդյունքներին նայելով` կարելի է ասել, որ խաղի որակը եւ արդյունավետությունն ընկած են: Մենք սովորել ենք «Փյունիկ»-ին տեսել լավագույն եռյակում, սակայն նորեկ-երիտասարդները շատացել են, եւ դեռ ցանկալի արդյունքը չի երեւում: Հուսով, եմ միչեւ մրցաշրջանի ավարտը կկարողանանք բարձրացնել խաղի տեմպը եւ որակը:
-Որքա՞ն է մեծացել պատասխանատվությունը «Փյունիկ»-ում ավագի թեւկապը ստանալուց հետո:
-Չեմ ասի թե պատասխանատվություն չեմ զգում, սակայն անկախ ավագի թեւկապից` ես «Փյունիկ»-ի փորձառո ֆուտբոլիստներից եմ, եւ ինձնից շատ բան է կախված խաղի ընթացքում:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի