Սիրիական հակամարտության հետեւանքով կրճատվել է Թուրքիայի միակ հայկական գյուղ «Վաքըֆլը» այցելողների թիվը. Al-Monitor
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Al-Monitor լրատվական կայքն անդրադարձել է Թուրքիայում միակ եւ վերջինպահպանված հայկականՎաքըֆլը գյուղինեւ Թուրքիայի հետ Սիրիայի լարված հարաբերությունների հետեւանքով գյուղ ժամանող օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքի նվազմանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` նյութի հեղինակ Հասան Կամբոլատը Al-Monitor-ում գրել է. «Ես հիմա Թուրքիայի Հաթայ շրջանի Սամանդաղ ավանի Վաքըֆլը գյուղում եմ, որը Թուրքիայում էթնիկ հայերով բնակեցված վերջին հայկական գյուղն է եւ սահմանակից է Սիրիային: Գյուղը գտնվում է Մուսա լեռան լանջերին` Սամանդաղի հարեւանությամբ: Մենք մի քանի կմ կտրեցինք` մինչ Վաքըֆլը հասնելը: Մուսա լեռան լանջերով քայլելիս անցնում էինք ձիթապտղի, թթի, նռան ծառուղիներով: Իսկ «Կարպիս» սրճարանում օգտվեցինք կիտրոնի, նարնջի, մանդարինի հյութերից»:
Հասան Կամբոլատը նկատում է, որ Անտիոքի (Հաթայ) օդանավակայանի բացումով մեծացել էին տեղի զբոսաշրջային գրավչությունները:
«Վաքըֆլը սկսեցին այցելուներ ժամանել: Աստիճանաբար մի քանի փոքր հյուրանոցներ եւ իջեւանատներ սկսեցին կառուցվել գյուղում: Սակայն Սիրիայում քաղաքացիական հակամարտությունը եւ Սիրիայի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացումն անբարենպաստ ազդեցություն ունեցան գյուղի վրա: Թուրքիայի մյուս շրջաններից եւ այլ երկրներից զբոսաշրջիկների հոսքն այստեղ նվազել է: Գյուղացիներն անհանգստացած են Սիրիայում հայերի առջեւ ծագած դժվարություններից: Նրանք տարակուսանքի մեջ են հայտնվում Սիրիայի խնդրի շուրջ խոսելու ժամանակ»,-ընդգծում է հեղինակը:
Վաքըֆլըում կա 35 տնտեսություն: 1940-ականներին այն տարածքում ամենամեծ գյուղն է եղել, իսկ հետո բնակչության թիվն իջնելով հասել է 320-ի: Այստեղ հիմնականում ապրում են 60-70 տարեկան մարդիկ: Երեխաների սակավաթվության պատճառով գյուղի դպրոցը փակվել է: «Վաքըֆլըում քայլելիս անցնում ես այգիներում քայլող ծեր մարդկանց կողքով, մինչդեռ փողոցներում այնքան շատ են շքեղ մեքենաները` ղեկին երիտասարդներ: Արձակուրդների ընթացքում նրանք, ովքեր ապրում են արտերկրում կամ երկրի մյուս քաղաքներում, այցելում են հայրենի գյուղ: Ամռանը Վաքըֆլըն ունենում է 2 հազար բնակիչ»,-եզրափակում է հոդվածագիրը եւ շեշտում, որ «Վաքըֆլըն իր հյուրերին ընդունում է ոչ միայն Թուրքիայի մեծ քաղաքներից, այլ նաեւ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից քրիստոնեական միջոցառումների ժամանակ»: