Նախագահի հանձնարարականով խստացվել է դեղերի որակի, անվտանգության և գնի հսկողությունը. Սուրեն Քրմոյան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղերի շուկայում որակի, անվտանգության, գների վերահսկողությունը թե պետական մարմինների` անձամբ երկրի ղեկավարի գլխավորությամբ, թե հանրության ուշադրության կետրոնում է: Այս խնդրի առնչությամբ միջոցներ ձեռնարկելու հանրապետության Նախագահի հանձնարարականները եղել են հստակ եւ խիստ: Այս և դեղերի շուկային առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ:
-Ինչո՞վ է պայմանավորված դեղերի շուկայում գների անվերահսկելիությունը: Ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայի գնաճը վերահսկելու համար, հատկապես Նախագահի դիտարկումից հետո:
-Եթե խոսենք դեղերի շուկայի կամ ցանկացած ապրանքի շուկայի մասին, ապա պիտի ասեմ, որ Հայաստանում գործում են շուկայական տնտեսության կանոններ և նորմալ գներ ունենալու համար մրցակցային համապատասխան դաշտ է անհրաժեշտ: ՀՀ առողջապահության նախարարությունը և մեր գործընկերներն անում ենք ամեն ինչ, որպեսզի գործեն մրցակցային պայմաններ, քանի որ չկան նորմեր, մեխանիզմներ, որոնք կկարգավորեն դեղերի գնային համակարգը:Մրցակցային պայմանները թույլ կտան ներկրվող դեղերի համար սահմանել որոշակի շուկայական գին, ինչն էլ կնպաստի նաև դեղերի մեծ քանակության ներկրմանը: Օրինակ՝ գերմանական արտադրության դեղերը կկարողանանք ներկրել ոչ միայն անմիջապես Գերմանիայից, այլ ցանկացած երկրից, որտեղ կան այդ արտադրողի դեղերը` ավելի մատչելի:ՀՀ առողջապահության նախարարությունն օրենքի նախագիծ է մշակում, որը նախատեսում է հիմնական դեղերի գնային սահմանումներ, որը նշանակում է, որ դեղը, մտելով Հայաստան, ունենում է որոշակի ֆիքսված գին: Հանրապետության նախագահը շաբաթ օրը հանձնարակական է տվել կարագավորել հարցերը՝ կապված դեղերի որակի, անվտանգության հետ՝ սկսկած մասնագիտական մոտեցումից մինչև դեղերի մեծածախ առևտուրը լիցենզավորելուց, ինչպես նաև մշակել դեղերի գների իջեցման համակարգ՝ բարձրորակության ապահովման նախապայմանով, այսինքն յուրաքանչյուր մարդ համոզված պիտի լինի, որ վճարում է որակյալ դեղերի համար:
-Ինչպիսի՞ իրավիճակ է դեղատներում՝ կապված ժամկետանց դեղերի առկայության եւ վաճառքի հետ:
-ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն քայլեր է կատարում դեղերի ներմուծման և գրանցման հարցում, այժմ` նախկին 180 օրվա փոխարեն կատարելով 30 օրվա ընթացքում: Տնտեսվարողներն ավելի շուտ և արագ կգրանցեն դեղերը. ասենք ասպիրինը կներկրվի 20 տարբեր գործարաններից, կստեղծվի մրցակցային դաշտ, ինչն էլ կնպաստի դեղի գնի նվազմանը:Պիտի փաստեմ, որ ՀՀ առողջապահության նախարարության շնորհիվ կեղծ դեղերի շրջանառությունը հասել է մինիմալի, սակայն ինչ վերաբերում է չգրանցված դեղերին, ապա դրանք մաքսանենգ ճանապարհով ինչ-որ չափով գալիս են, բայց մենք միջոցներ ենք ձեռք առնում երևույթի դեմ պայքարելու համար: Սեպտեմբերի 14-ին կառավարոթյունը որոշում ընդունեց` խստացնելով այդ ոլորտի վերահսկողությունը: Նախկինում եթե թույլ էին տալիս ժամկետանց դեղերը հանել վաճառքից, ապա հիմա արդեն ցանկացած նման դեղ պիտի հաշվառվի, հատուկ պարկի մեջ տեղադրվի: Սակայն պիտի ասեմ, որ խախտումներ ավելի շատ գրանցվում են չգրանցված դեղերի, քան ժամկետանցերի շրջանում:
-Ի՞նչ կասեք դեղերի անօրինական գովազդի մասին:
-Տարիներ առաջ դեղերի գովազդը չի վերահսկվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել ոլորտը վերահսկելու համար: Բուկլետների վերահսկումը շատ դժվար է, սակայն նման խախտումներ ֆիքսելու դեպքում կիրառվում են համապատասխան միջոցներ, որոնք ուղղված են անօրինական գովազդի վերացմանը: Եթե նկատել եք, դեղերի բոլոր գովազդները հայերեն են: Վերահսկվում են նաև հեռուստառադիո գովազդը, ամսագրայինը, որը շատ դժվար է: Եթե նկատել եք, արգելված է նաև արտաքին վահանակների վրա դեղեր գովազդելը:
-Դեղերի ներդիր թերթիկներում չկան հայերեն գրություններ: Ի՞նչ է արվում խնդիրը վերացնելու համար:
-Կառավարությունը որոշում ընդունեց, որ եթե ներկրվող դեղերի փաթեթները չեն համապատասխանում գրանված նմուշներին, ապա պիտի ունենան համապատասխան հայերեն ներդիր թերթիկներ: Մենք քայլեր ձեռարկում ենք այդ ուղղությամբ: Սակայն, այստեղ կա մի հարց ևս: Հայերեն ներդիր թերթիկների բացակայությունն ինչ-որ տեղ թույլ չի տալիս, որպեսզի հիվանդը ինքնաբուժությամբ զբաղվի և սխալ բուժումներ ինքն իրեն նշանակի, այլ անպայման այցելի բժշկի և ստանա հատուկ դեղատոմս:
Հարցազրույցը՝ Սեդա Մանուկյանի