ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոակադեմիան փակ գաղտնի քվեարկությամբ արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը...» ֆիլմն առաջարկել է Ամերիկյան կինոակադեմիային ներգրավել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում կինոակադամիայի նախագահ Դավիթ Մուրադյանը տեղեկացրեց, որ ֆիլմի`«Օսկար»-ին մասնակցությունը որոշվելու է մրցանակաբաշխության կինոգործիչների հանձնաժողովի կողմից. որոշումը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին:
«Քանի դեռ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը չի հրապարակվել չենք կարող ասել այն կմասնակցի «Օսկար»-ին, թե ոչ, ներկա պահին ֆիլմը հայտատու է այդ մրցանակաբաշխությանը»,- պարզաբանեց կինոակադեմիայի նախագահը:
«Եթե բոլորը...»-ը ֆիլմը 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ցուցադրվելու է Կիպրոսի հայ համայնքի համար: Սեպտեմբերի 15-23-ը ֆիլմը մասնակցել է «Киношок» փառատոնին, իսկ հոկտեմբերի 7-ին կմասնակցի Բուխարեստում կայանալիք «Արվեստների փառատոն»-ին:
«Եթե բոլորը…»-ի ասիական պրեմիերան տեղի է ունեցել Հարավային Կորեայի փառատոնի ժամանակ, որն անցկացվում է սեպտեմբերի 4-13-ը, իսկ նոյեմբերի 1-10-ը Մոսկվայում ֆիլմը կմասնակցի «Лучезарный ангел» միջազգային բարեգործական փառատոնին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Միքայել Պողոսյանը նշեց, որ «Օսկարին» մասնակցության դեքպում նա Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ համատեղ հանդես կգա մամուլի ասուլիսով, քանի որ դեռ վաղ է խոսել այդ մասին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո ՀՀ անկախության եւ Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի առիթով նկարահանված «Եթե բոլորը…» ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը եւ Թերեզա Վարժապետյանը: Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը: