Եվրոպացի օրենսդիրները նաեւ ֆինանսական շահերից ելնելով են հաշվի նստում Ադրբեջանի հետ. Աննա Մարի Գոմես
7 րոպեի ընթերցում

ԲՐՅՈւՍԵԼ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու փաստի առնչությամբ իրենց խիստ մտահոգությունը եւ քննադատությունն են հայտնել բազմաթիվ միջազգային կառույցներ: Այս քննադատական հայտարարություններին եւ մեկնաբանություններին իր ձայնն է ավելացրել նաեւ Եվրոպական Խորհրդարանի անդամ Աննա Մարի Գոմեսը: «Սաֆարովյան» սկանդալի եւ դրա վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի շուրջ «Արմենպրես»-ը բացառիկ հարցրազրույց է ունեցել Եվրոպական խորհրդարանի անդամ Աննա Մարի Գոմեսի հետ:
-Տիկի'ն Գոմես, Սաֆարովի գործի վերաբերյալ բանաձեւից հետո որո՞նք են այն հաջորդքայլերը, որոնք Եվրամիությունը, մասնավորապես` Եվրոպականխորհրդարանը կձեռնարկի: Կարծում եք բանաձեւը Եվրախորհրդարանի վերջի՞ն խոսքն էր:
-Լեռնային Ղարաբաղի շուրջ ցանկացած իրավիճակից եւ «սառեցված հակամարտության» ապասառեցման հնարավորությունից մենք պետք է տեղյակ լինենք: Բոլոր կողմերից հնչված հայտարարություններն անօգուտ դուրս եկան եւ ցույց տվեցին, որ իրավիճակը շատ լարված է: Ակնհայտորեն, Եվրախորհրդարանը միայն Սաֆարովի գործի վերաբերյալ բանաձեւի ընդունումով չի կարող բավարարվել, ինչպես շատերը կարծում էին: Ես կարծում եմ, որ մենք Եվրախորհրադարանում շատ ավելի ուշադիր ենք անվտանգության խնդիրների եւ դրա հետեւանքների զարգացումներին եւ պետք է ջանքեր ներդնենք «մարդկային հարաբերությունները» վերակառուցելու ուղղությամբ, որը կկանխի պատերազմը վերսկսելու վտանգը:
-Հայտնի է, որ ձեր կուսակցությունը չցանկացավ մասնակցել բանաձեւի ընդունմանը եւ «Ազատականների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբակցությունը հրաժարվեց քվեարկել: Կարո՞ղ եք անդրադառնալ այս հարցին:
-Իմ խումբը ցանկանում էր ամբողջական բանավեճ ունենալ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներման արժանացած Ռամիլ Սաֆարովի հարցի, այս քայլի հետեւանքների եւ տարածաշրջանումարդեն իսկ լարված անվտանգության իրավիճակի շուրջ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով ԵՄ բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայությամբ: Նման բանավեճը հարցը կդներ ԵՄ Արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոնում: Սակայն, ԵԺԿ-ն, Կանաչներն ու «Ազատականների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբակցությունը ցանկանում էին դիտարկել հարցը որպես մարդու իրավունքների խնդիր,որը շատ ավելի համեստ մոտեցում է: Այդուհանդերձ, երբ այս որոշումը ընդունվեց Եվրախորհրդարանի մեծամասնության կողմից, մեր մասնակցությունը եղավ կառուցողական բնույթի: Մենք պատրաստեցինք մեր սեփական բանաձեւի նախագիծը, որը շատ քննադատական մոտեցում էրցուցաբերում հունգարական կառավարության նկատմամբ եւ դատապարտում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Սաֆարովին ներման արժանացնելու փաստը: ԵԺԿ-ն, սակայն,ցանկանում էր բանաձեւում բացառել հունգարական կառավարության նկատմամբ ցանկացած քննադատական մոտեցում, քանի որ այն պատկանոմ է նույն քաղաքական ընտանիքին: Վերջում նրանց հաջողվեց այդ անել` մերժելով մեր այն փոփոխությունը, որը քննադատական մոտեցում ուներ Հունգարիայի նկատմամբ: Հստակ չգիտեմ, թե ինչ պատճառներ դրդեցին «Ազատականների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբակցությանը դուրս գալ բանաձեւից: Սակայն ես գիտեմ, որ Եվրախորհրդարանում կան մարդիկ, ովքեր սովորաբար շատ հակված են պաշտպանելու Ադրբեջանի դիրքորոշումը:
-Լոբբիստական խմբերը շատ ակտիվ են Եվրախորհրադարանում եւ դրանք բերում են կառույցի «բեւեռացմանը»: Իհարկե, գոյություն ունի նաեւ աճող ադրբեջանական լոբբի: Արդյո՞ք ԵՄ շրջանակներում հնարավոր է ցուցաբերել ավելի հավասարակշռված մոտեցում:
-Ես չեմ պատկանում այս խմբերից որեւիցե մեկին. ինձ համար մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու անվտանգությունն ամենակարեւորն են, ինչը պետք է գերակայի Եվրախորհրդարանում: Ես շատ եմ տեսնում նման խմբեր, հատկապես ադրբեջանական, քանի որ մեծ գումարներ են ներդրվում նրանց կառավարության կողմից: Նայեք Սաֆարովի օրինակին, որտեղ իսկապես 2-3 միլիարդ դոլար էր խոստացվել Օրբանի կառավարությանը: Մարդիկ կան, ովքեր մտահոգված են անվտանգության հարցերով ոչ նեղ տեսանկյունից, այլ ԵՄ էներգամատակարարման անվտանգությամբ, որը ստիպում է նրանց հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ: Ավելին, ես կասկած չունեմ, որ ոմանք կարող են առաջնորդվել որոշակի ֆինանսական շահերով եւս: Չնայած իմ խումբը ցանակնում էր լիարժեք քննարկում ունենալ տարածաշրջանային անվտանգության համար այս միջադեպի բոլոր հետեւանքների մասին Քեթրի Էշթոնի հետ, այլ ոչ թե մարդու իրավուքների բանաձեւի, սակայն մենք որոշեցինք միանալ մեծամասնությանը, քանի որ հասկացանք` անհրաժեշտություն կա հայտնելու մեր զարհուրանքը Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ, որոնք նպաստում են էթնիկ ահաբեկչության եւ ատելության մթնոլորտի առաջացմանը, եւ դրանք ակնհայտորեն պետք է պատժվեն: Բացի դրանից, բավականին շատ ապակայունացնող մեկնաբանություններ հնչեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որոնք չի կարելի թողնել առանց մեր կարծիքի եւ տեսակետի: Մենք ցանկանում ենք կառուցողական լինել եւ օգնել կողմերին` հանդարտեցնելու լարվածությունը եւ աստիճանաբար հասնելու բանակցային մակարդակի: Սա պահանջում է մեծ ներգրավվածություն եւ մասնակցություն: Մենք հորդորում ենք ԵՄ Արտաքին գործերի ծառայությանն անել ամեն հնարավորը` մեղմելու լարվածությունը, օգնելու երկու կողմերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին` ներդրված ջանքերը չկորցնելու նպատակով: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին: