Ադրբեջանի հերթական պրովոկացիոն քայլը կլինի Սաֆարովի սպանությունը. կանխատեսում է Կոմանդոսը
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի հերթական պրովոկացիոն քայլը կլինի Սաֆարովի սպանությունը. կանխատեսում է Կոմանդոսը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/09/693806.jpg)
ԵՐԵՎԱՆ,20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբները չեն կարող Հայաստան գալ, բայց իրենց լրտեսները կարող են, այն էլ` այստեղ առևտուր անելու համար: Թալիբներն ավելի լավ են գործում իրենց հողում, իրենց հողից դուրս ոչինչ են: Չմոռանանք, թե Արցախի ազատագրման ժամանակ որքան թալիբներ, աֆղաններ էին կռվում Ադրբեջանի կողմից, ինչն, անշուշտ, հանուն փողի էր և ոչ թե հավատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
Խոսելով Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի քայլի մասին` Կոմանդոսը վստահություն հայտնեց, որ դա հանկարծակի կայացված որոշում չէր, այլ երեք պետությունների` Թուրքիայի, Ադրբեջանի և Հունգարիայի կողմից նախապես մշակված ծրագիր:
«Ալիևի հեղինակությունն այսօր խիստ անկում է ապրել, հատկապես կապված այն փողերի և ունեցվածքի հետ, որոնք անհայտ ճանապարհներով են ձեռք բերվում: Ալիևն ասաց, որ կհասնի Սաֆարովի ազատմանն ու արեց դա, որովհետև դա վաղուց արդեն որոշված էր: Ադրբեջանի հերթական պրովոկացիոն քայլը կլինի Սաֆարովի սպանությունը, որը կբարդի հայերի, մասնավորապես, ԱՍԱԼԱ-ի վրա` դրանով իսկ միավորներ հավաքելով ներքին լսարանի համար»,- ասաց Կոմանդոսը:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին` նա շեշտեց, որ շատ կարևոր է Վրաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը` չնայած «վստահ եմ, որ Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում Վրաստանը կաջակցի ադրբեջանցիներին»: