Հայ գրոսմայստերներն առանձնացրել են իրենց համար ամենահիշարժան պարտիաները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի օլիմպիական չեմպիոնները կարեւորում են այն պարտիաները, որտեղ արագ հաջողության են հասնում:
«Երբ խաղում ես ազգային հավաքականի հետ, ապա շատ կարեւոր է արագ արդյուքի հասնելը` թիմակիցներին ինչ-որ կերպ աջակցելու համար: Ստամբուլի օլիմպիադայի ամենահիշարժան պարտիան Ֆիլիպինների հետ անցկացրած խաղն էր: Ես կարողացա հաղթել եւ միավոր վաստակել թիմի համար: Միշտ դժվար պարտիաներ են լինում Ռուսաստանի հետ խաղում: Իսկ արդեն 11-րդ տուրին Հունգարիայի հետ խաղում ես ինձ այդքան էլ լավ չէի զգում, բայց կարողացա ոչ-ոքի ավարտել պարիտիաս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Շախմատի Հայաստանի եւ օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կարծիքով` թիմային խաղում ամենալարվածը հենց Հունգարիայի հավաքականի հետ դեմ խաղն էր վերջին տուրում: «Խաղային առումով ամենաբարդը Գերմանիայի հավաքականի հետ անցկացրած պարտիան էր: Թեպետ առավելության հասանք, բայց խաղատախտակների վրա մեր դիրքերից ելնելով չպետք է հաղթեինք: Իսկ ամենահիշվող խաղը 40-րդ օլիմպիադայում ինձ համար Իսպանիայի հավաքականի հետ անցկացրած ոչ-ոքին էր»,-մեկնաբանեց շախմատի հավաքական ամենաերիտասարդ գրոսմայստերը:
Շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադան կայացավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 11 տուրերի վերջնական արդյունքներով` Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ նվաճեց շախմատային Օլիմպոսը: Վերջին չորս օլիմպիադաներում Հայաստանը երեք անգամ դարձել է չեմպիոն: Երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականին 2002 թվականից ի վեր չի հաջողվել նվաճել օլիմպիական չեմպիոնի կոչումը: Հայաստանի «ոսկե» հավաքականը համաշխարհային օլիմպիադաներին մասնակցում է 1992 թվականից: Այս քսան տարիների ընթացքում մեր «ոսկե» հավաքականը երեք անգամ նվաճել է բրոզե մեդալ. Հայաստանի վերջին բրոնզը 2004 թվականին Իսպանիայի Կալվիա քաղաքում անցկացված օլիմպիադայում էր. այնուհետ սկսվում է մեր հավաքականի «ոսկե դարաշրջանը». մեր տղաները լավագույնն էին 2006 թ. Թուրինի եւ 2008 թ. Դրեզդենի օլիմպիադաներում:Հայաստանի շախմատի հավաքականն այն բացառիկ հավաքականներից է, որին հաջողվել է երկու անգամ անընդմեջ դառնալ օլիմպիական չեմպիոն: