Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը տնտեսական եւ պետական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար. Գագիկ Բեգլարյան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Ճանապարհի կառուցումից հետո վարորդները տասն անգամ ավելի արագ կհասնեն նախատեսված վայր:
«Այս ծրագիրը Հայաստանի անկախ Հանրապետության ամենամեծ ծրագրերից է, որն ունի տնտեսական եւ պետական մեծ նշանակություն Հայաստանի համար»,- նշեց նախարարը: Նրա խոսքով` մինչեւ տարեվերջ լուրջ աշխատանքներ կտարվեն Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ ճանապարհներին: Նախարարը տեղեկացրեց, որ նշված ծրագրի շնորհիվ կբացվեն հազարից ավելի աշխատատեղեր: «Այս ծրագրի արդյունքում մեր հարավային շրջանները կկապվեն ծովի հետ, մենք կունենանք միջազգային կարգի ճանապարհ` Իրանը կապելով Կենտրոնական Եվրոպայի հետ»,- ասաց Բեգլարյանը:
Նրա փոխանցմամբ` շինարարական աշխատանքների ընթացքում ոչ տեղական արտադրության է լինելու միայն տեխնիկան: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշեց, որ ավտոմոբիլային միջանցքի կառուցումն ունի խոշոր ռազմավարական նշանակություն. այն թույլ կտա Հայաստանն առավել կարճ ճանապարհով կապել ամենամոտ տարածաշրջանային նավահանգիստների հետ: «Ծրագրի իրականացումը կապահովի Իրանից դեպի վրացական նավահանգիստներ, եւ հակառակ ուղղությամբ, ամենակարճ երթուղին: Ներկայում սկսել են որոշ շինարարական աշխատանքներ»,- ասաց Հովսեփյանը:
Ծրագրի իրականացման համար ՀՀ եւ ԱԶԲ միջեւ 2009 թ. սեպտեմբերի 15-ին կնքվել է շրջանակային ֆինասավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից ԱԶԲ մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը տրոհված է առանձին տրանշերի: Սեպտեմբերի 13-ին ազդարարվեց ծրագրի շինարարական աշխատանքների սկիզբը: Այն նախատեսում է Երեւան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում միջին բաժանարար գոտու հաշվին մինչեւ 8 մ, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում բետոնայինով: Ճանապարհի ծածկի փոխարինում նախատեսված է նաեւ Երեւան-Աշտարակ մայրուղու մոտ 11.5 կմ հատվածում, այնուհետեւ Աշտարակ-Թալին 42 կմ հատվածի լայնացում` երկու երթեւեկելի գոտուց մինչեւ քառուղի: Աշխատանքների ժամանակացույցով նախատեսված է 18 ամիս` Երեւան-Արարատ, 18 ամիս` Երեւան- Աշտարակ, 36 ամիս` Աշտարակ-Թալին հատվածների շինարարության համար:
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի Հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը: Այն ենթադրում է շուրջ 850 միավոր հողատարածքների եւ շինությունների իրացում, ընդհանուր մոտ 2.3 մլրդ դրամի չափով: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է անմիջապես անցնել ՀՕՏԾ իրականացմանը` Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում: Մինչեւ տարեվերջ նախապատրաստվում է մրցույթի հայտարարում նաեւ Թալին-Գյումրի հատվածի համար, որի նախագծանախահաշվային փաստաթղթերն ամբողջովին պատրաստ են:Արդյունքում մինչեւ 2016 թ. կունենանք միջազգային կարգի բետոնածածկ, արագընթաց մայրուղի Արտաշատ-Երեւան-Գյումրի հատվածում: Ուսումնասիրության փուլում են գտնվում դեպի հյուսիսային սահման շարունակության` Գյումրի-Բավրա, ինչպես նաեւ հարավային` Արտաշատ-Սիսիան-Մեղրի հատվածների նախագծման եւ շինարարության հնարավորությունները:
Նպատակն է 2013-2014 թթ. ունենալ զուգահեռ ընթացող աշխատանքներ Հյուսիս-Հարավի ամբողջ երկայնքով: Շինարարական աշխատանքներն իրականացնելու է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը: Ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկող ընկերությունն է ֆրանսիական «Սաֆեժ»-ը: