ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգահան Արա Գեւորգյանի նոր «Սիրեցեք զմիմյանս» նախագիծը երգի տեսքով աշխարհին ուղղված խաղաղության յուրօրինակ կոչ է, որը մեկ գաղափարի շուրջկմիավորի աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայտնի կատարողներին:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը նշեց, որ սեպտեմբերի 10-ին նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` խնդրանքով, որպեսզի օտարերկրյա պետություններում գործող հայկական դեսպանատները միավորեն ջանքերը համաշխարհային մեծության երաժիշտների հետ կապ հաստատելու եւ նախագծում նրանց ներգրավածության մասին պայմանավորվածություն ձեռք բերելու:
«Գալուստ Սահակյանի միջնորդությամբ ինձ հաջողվեց հանդիպել արտգործնախարարի հետ, ում ես ներկայացրի երգը, նա հավանության արժանացրեց նախագիծը եւ համապատասան դեսպանատներին նախագծին աջակցելու հանձնարարական տվեց»,- պատմում է երգահանը: Նրա խոսքով` այժմ պատրաստման գործընթացում է այն նամակը, որը դեսպանատները կուղղեն տարբեր երկրների հանրահայտ կատարողներին:
«Սիրեցեք զմիմյանս» նախագծում հայտնի կատարողները համանուն երգի հատվածները կկատարեն իրենց երկրներում, այնուհետ կգան Հայաստան եւ երգի վերջաբանը կերգեն այստեղ: Գեւորգյանի տեղեկացմամբ` այժմ բանակցություններ են ընթանում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հետ, ով խոստացել է մասնակցել նախագծին` ՄԱԿ-ի տարբերանշանի առկայության պարագայում: Մեկ այլ աշխարհահռչակ կատարողՄըրայա Քերին հրաժարվել է մասնակցությունից` երեխաների հետ գերզբաղված լինելու պատճառով:«Խուլիո Իգլեսիասը լսել է երգի ձայնագրությունը, հավանել է այն եւ խոստացել միանալ նախագծին, սակայն փոքր-ինչ ավելի ուշ, ուղեւորությունից հետո»,- նշում է ՀՀ վաստակավոր արտիստը:
Երգն արդեն ձայնագրվել է ֆինն, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ եւ ամերիկացի կատարողների կողմից: Արա Գեւորգյանը շատ է ցանկանում, որ նախագծին միանա նաեւՇառլ Ազնավուրը եւ առաջնորդի այն: «Չնայած դեռ կապ չենք հաստատել նրա հետ, սակայն հույս ունենք, որ այն բանից հետո, երբ մեզ կմիանան դեսպանատները` մեզ կհաջողվի ներգրավել նաեւ կատարողներին»,-նշեց երգահանը: Նա ընդգծում է, որ առանց դեսպանատների աջակցության ինքը միայնակ չէր կարող նախագիծըկյանքի կոչել այն մեծ մասշտաբով, որը նախատեսվում է:«Կարծում եմ նախագծին կհաջողվի բարձրացնել մեր ազգային վարկանիշը, մենք խաղաղության կողմնակից ենք` ի տարբերություն Ադրբեջանի, որը ռազմատենչ հայտարարություններ է անում»,- հավելեց երգահանը:
Գեւորգյանը շնորհակալ եւ երախտապարտ է բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են նախագծի իրականացմանը:«Սիրեցեք զմիմյանս» նախագծի կայացմանն աջակցել է նաեւ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, որի շնորհիվ համանուն երգը թարգմանվել է աշխարհի 16 լեզուներով: